«Ժառանգությանը» շատերը խորհուրդ են տալիս չգնալ երկխոսության իշխանությունների հետ՝ մասնավորապես, հաշվի առնելով Հայ Ազգային Կոնգրեսի նախադեպը: Այս մասին այսօր Ազատության հրապարակում լրագրողներին ասել է «Ժառանգության» փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը: Նրա խոսքով, սակայն, եթե նախադեպը կա, դա չի նշանակում, որ իրենք պետք է վախենան և չգնան երկխոսության` մտածելով, որ իրենց կարող են «գցել»:
«Նա, ով գնում է երկխոսության, ունի որոշակի փաթեթ, թե որն է իր պահանջների մինիմումը և մաքսիմումը: Եթե կա մտավախություն, որ կարող են գցել, խաբել, ուրեմն կարելի է փակվել և ոչինչ չանել», – ասել է Հակոբյանը ու հավելել, որ իրենք ցանկանում են ներդնել քաղաքական դաշտում բացակայող երկխոսության մշակույթը:
Ռուբեն Հակոբյանը վստահեցրել է, որ իրենց մասնակցությամբ կոալիցիոն կառավարություն չի լինելու:
«Մեր մոտեցումներով՝ կարող ես լինել ընդդիմություն և մաս կազմել պետական կառավարման համակարգին», – ասել է նա:
Անդրադառնալով Ազատության հրապարակի շարժմանը՝ Ռուբեն Հակոբյանը որպես ձեռքբերում առանձնացրել է այն, որ հարթակը չմենաշնորվեց և այտեղից հնչեցին տարբեր քաղաքական գործիչների մոտեցումներ:
«Ժառանգության» փոխնախագահը, սակայն, զարմանքով նշել է, որ որոշ ոչ իշխանական ուժեր հանդես են գալիս իրենց շարժման դեմ:
«Օրինակ, ՀԱԿ-ի որոշ ներկայացուցիչներ, կարծես, ուղղակիորեն պայքարում են այս շարժման դեմ, ինչպես հանրապետականները: Մենք խորհուրդ կտանք մեր գործընկերներին իշխանության հետ մեկտեղ չլծվել շարժումը քննադատելու գործին», – ասել է Հակոբյանը: