Հայաստանի քրդական համայնքը ստորագրահավաք է սկսել Քրդական բանվորական կուսակցության (ՔԲԿ) առաջնորդ Աբդուլա Օջալանին ազատ արձակելու պահանջով: Հիշեցնենք, որ Օջալանը Թուրքիայում բանտրակված է 1999 թվականից, իսկ ՔԲԿ-ն այդ երկրում ահաբեկչական խմբավորում է համարվում:
Ստորագրահավաքը սկսվել է փետրվարի կեսից Հայաստանի տարբեր մարզերում՝ սկզբից այն քաղաքաներում, որտեղ քրդական համայնքը մեծ է՝ Արմավիրում, Ալավերդիում, Դիլիջանում: Այժմ ստորագրահավաքն անցկացվում է նաև Երևանում՝ Կոմիտաասի շուկայի, Շենգավիթի մետրոյի կայարանի մոտ, Գարեգին Նժդեհի հրապարակում: Նժդեհի հրապարակում ստորագրահավաքն անցկացնում է «քուրդ պարտիզան» ներկայացող Թամարա Չաթոյանը: Նա Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ քուրդ ակտիվիստները ստորագրահավաքներ են անցկացնում տարբեր երկրնում, իսկ Հայաստանում դրան մինչ այժմ միացել է մոտ 40.000 մարդ:
«Մարդիկ կան, հաճույքով միանում, սատարում են, նրանք, ովքեր գիտեն, որ Օջալանը քաղբանտարկյալ է, ով իրավունքների, հատկապես Թուրքիայում կանանց ընտրության իրավունքի համար է պայքարել: Մարդիկ կան ստորագրում են, որովհետև նա թուրքերի դեմ է պայքարել, ոմանք էլ ասում են՝ էս թղթերը հավաքեք, Օջալանը տեռորսիտ է», – Epress.am-ին պատմել է Չաթոյանը:
Նա ասել է, որ տեղյակ է Օջալանի՝ անցյալ շաբաթ արած հայտարարության մասին, որում ՔԲԿ առաջնորդը զինադադարի կոչ է արել:
«Այդ հայտարարությունը Էրդողանը ուզում է իր օգտին օգտագործել: Օջալանը չի ուզում, որ անմեղ մարդիկ շարունակեն զոհվել, դրա համար է ասել՝ դատարեցրեք կռիվը: Սակայն քրդական հարցը չի լուծվի, քանի դեռ քաղբանտարկյալներն անազատության մեջ են: Օջալանին ազատելը կնպաստի Թուրքիայում ժողովրդավարության հաստատմանը և Քուրդիստանում խաղաղության հաստատմանը», – ասել է Չաթոյանը:
Նա տեղեկացրել է նաև, որ ապրիլի 4-ին Հայաստանի քրդական համայնքը Հաղթանակի այգում նշելու է Օջալանի ծննդյան 65-րդ տարեդարձը: