«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանել է Սերժ Սարգսյանի՝ երեկ իրեն ուղղված նամակին: Հովհաննիսյանի պատասխանը ներկայացնում ենք ամբողջությամբ:
«Դրական եմ գնահատում, որ Դուք վերջապես ուղղակի գրությամբ պատասխանեցիք իմ համալիր առաջարկին:
Թեև նամակի ընդհանուր ձևակերպումներում նկատելի են որոշ վիճարկելի փաստարկներ ու կանխակալ համոզումներ, այդուհանդերձ, առաջխաղացում կարելի է համարել հանգամանքը, որ Դուք պատրաստ եք բանակցությունների հիմք ընդունել իմ ներկայացրած փաստաթուղթը:
Վերահաստատում եմ իմ պատրաստակամությունը՝ հանդիպելու Ձեզ և սեղանին դրված համազգային հանգուցալուծումը քննարկելու ցանկացած ժամի ու ցանկացած ձևաչափով՝ Ազատության հրապարակում: Շնորհակալ եմ իմ առողջությամբ մտահոգվելու համար, անհանգստանալու հարկ չկա, ես միանգամայն առողջ եմ, կազդուրման կարիք չունեմ, և կարող ենք առանց հետաձգելու իրականացնել մեր աշխատանքային հանդիպումը հանուն սահմանադրական Նոր Հայաստանի:
Եթե ինչ-ինչ պատճառով Ազատության հրապարակը հարմար վայր չդիտեք հանդիպման առումով, ազատ զգացեք կրկին նամակով ներկայացնելու իմ ամբողջական փաստաթղթից բխող՝ Ձեր բովանդակային առաջարկությունները, որոնք Ձեր նախորդ արձագանքում բացակայում էին»: