Ստեղծված ներքաղաքական իրավիճակը և՛ խոշոր ցավ է, և՛ ծաղր հայաստանյան հասարակության համար: Վերլուծելով ներքաղաքական զարգացումները, մասնավորապես, Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլն ու պահանջները՝ այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Ծաղրը, ըստ նրա, այն է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը չունի քաղաքական թիմ, կադրային բանկ և ուզում է որոշ գերատեսչությունների ղեկավարների ինքը նշանակել:
«Կարդում են ինչ-որ ցուցակներ, հետո այդ մարդիկ իրենց անունները ցուցակում տեսնում, զարմանում են: Ծաղրն այն է, որ էս վիճակի մասին անեկդոտներ են ստեղծվում»,- ասել է Գալուստ Սահակյանը:
Նա քիչ հավանական է համարել ընդդիմությանը 8 գերատեսչությունների ղեկավարությունը տալը: Սահակյանի խոսքով՝ դա անելու դեպքում, կառավարությունը կվերածվի «անփորձների կոռումպացված համակարգի»:
Պատգամավորը հորդորել է չմոռանալ, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ստացել է հասարակության ողջ ընդդիմադիր հատվածի ձայները, այդ թվում՝ Լևոն Տեր-Պետրոսյանի, Գագիկ Ծառուկյանի, ՀՅԴ-ին հասանելիք ձայներ, այսինքն՝ Սարգսյանին դեմ ձայները, մինչդեռ Սերժ Սարգսյանը ստացել է իր կողմ ձայները:
«Չէի ցանկանա, որպեսզի ժողովրդին պատանդ պահեին՝ էսօր-վաղը թողնելով, նամակներով՝ պարզապես ընտրազանգվածը չկորցնելու համար: Դրականն այն է, որ նոր քաղաքական մշակույթ է ձևավորվում», – ասել է Սահակյանը:
Նա հույս է հայտնել, որ նոր մշակույթի հետագա զարգացումը կհանգեցնի նրան, որ ընդդիմությունը անգործության չի մատնվի, ինչպես, ըստ նրա, եղել է վերջին տարիներին: Այս հույսն է, որ ստիպում է ՀՀԿ-ին գնալ բանակցությունների ուղիով, վստահերցրել է Սահակյանը:
Այն հարցին, թե ինչու ՀՀԿ-ն դեմ է ԱԺ-ում այս պահին ընտրությունների մասին արտահերթ նստաշրջան գումարելուն՝ Սահակյանը պատասխանել է, թե Րաֆֆի Հովհաննիսյանը պարտադիր է համարում նստաշրջանից առաջ համաձայնել խորհրդարանական կառավարմանն անցնել, իսկ ՀՀԿ-ն կողմ է այդ հարցը ևս թողնել հետագա քննարկման: