Մարտի 23-24-ը Երևանում կայացած «Կովկասը մեր ընդհանուր տունն է» խորագրով կոնֆերանսի ժամանակ շնորհվել են «Կովկասի կանայք հանուն խաղաղության» մրցանակներ: Այս տարի առաջին անգամ մարդու իրավունքների համար ակտիվ պայքարելու համար մրցանակ է տրվել նաև հայաստանցի մասնակցի՝ գրող, հրապարակախոս Զառա Հովհաննիսյանին:
Միջազգային հանձնաժողովի որոշմամբ՝ Հովհաննիսյանը զբաղեցրել է երկորդ տեղը: Առաջին տեղում է ադրբեջանցի լրագրող Հադիջա Իսմայիլովան, երրորդ տեղում ՝ դաղստանցի Մալիկաթ Ջաբիրովան:
Մրցանակակիր Զառա Հովհաննիսյանը Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ ոչ այդքան մրցանակն է կարևորում, այլ այն, որ կոնֆերանսը Հարավային Կովկասի երկների կանանց հնարավորություն տվեց ծանոթանալ միմյանց խնդիրներին:
«Այդ երկրները մեզ շատ մոտ են, մենք նույն տարածաշրջանում ենք, սակայն հաճախ չունենք բավարար պատկերացում, թե ինչ է կատարվում, որոնք են հիմնական խնդիրներն ու ինչ համընդհանուր ջանքեր կարելի է գործադրել դրանց նվազեցման համար: Այդ երկրների մեծ մասն ազգամիջյան կոնֆլիկտներ ունի, որոնք ծնում են մարդու իրավունքների ոլորտում կոպտագույն խախտումներ: Շատ երկրներում կրոնական ֆունդամենտալիզմը դարձել է գերիշխող քաղաքացիական իրավունքի նկատմամբ, որն էլ սահմանափակում է հատկապես կանանց իրավունքներն ու դարձնում կնոջը իրավազուրկ, երբեմն նաև ընտանեկան բռնության զոհ»,- ասել է Զառա Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ կարևոր է, որ հարևան երկրների իրավապաշտպանները կարողանան տեսնել այն նմանություններն ու այն եզրերը, որոնք ընդհանուր են բոլորի համար, գնան երկխոսության ու միասնաբար հաղթահարեն կոնֆլիկտային իրավիճակները, որոնք հաճախ պարտադրված են քաղաքականությամբ:
«Առաջընթացը սկսվում է շփումներից, փոխըմբռնումից, ընդհանրությունների ընկալումից ու խնդիրների վերհանումից: Ի վերջո պետք է գիտակցել, որ տարածաշրջանը պետք է ազատագրվի միասնաբար: Եվ դա ամենակաևոր ու ամենահիմնական աշխատանքն է, որը ես շարունակելու եմ ավելի լայն կտրվածքով»,- ասել է Հովհաննիսյանը:
Լուսանկարը՝ Equal Power – Lasting Peace ֆեյսբուքյան էջից