Քաղաքացիական ակտիվիստները, սատարելով բնապահպան ատիվիստ Եղիա Ներսիսյանին, «Դինո Գոլդ Մայնինգ» ընկերությանը կոչ են անում իրենց ևս դատի տալ: Նման հայտարարությամբ տեքստերը ակտիվիստները տեղադրում են Facebook սոցիալական ցանցի իրենց էջերին:
«Ես համաձայն եմ Եղիա Ներսիսյանի արած հայտարարության հետ և բարձրաձայն կրկնում եմ նրա խոսքերը: Դուք շահագործում եք գյուղացիներին և ոչ միայն գյուղացիներին, այլ նաև բնությունը (սա էլ իմ կողմից ավելացում): Մի քանի անգամ նույնիսկ կազմակերպության մասին ավել-պակաս բաներ եմ հնչեցրել, այնպես որ հիմա ինձ էլ դատի տվեք: Կարող եմ նույնիսկ չսպասել դատարանի վճռին ու միանգամից մուծել սահմանված մաքսիմում տուգանքը: Այնուհետ հենց ձեռք բերեմ նույնքան անհրաժեշտ գումար, նորից կհիշեմ ձեր մասին, քանի որ էլի բաներ ունեմ ասելու», – նշված է ակտիվիստների կողմից տարածվող տեքստի մեջ:
Հիշեցնենք, որ Ներսիսյանի դեմ հայց է ներկայացրել Կապանում հանք շահագործող «Դինո Գոլդ մայնինգ» ընկերությունը՝ մեղադրելով նրան զրպարտության մեջ: Եղիա Ներսիսյանն ԱՄՆ-ում հայ համայնքի հետ հանդիպումների ժամանակ իր ելույթներից մեկում բարձրաձայնել է իրեն հասած տեղեկությունները՝ ընկերության կողմից հանքագործների նկատմամբ տեղի ունեցած ոտնձգությունների մասին:
Գործով դատական նիստը կայանալու է մարտի 29-ին՝ ժամը 12:00-ին՝ Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանում:
Լուսանկարը՝ econews.am