2012 թվականի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը խախտումներ է հայտնաբերել 22 պետական գերատեսչություններում: Հիմնականում խախտումները վերաբերել են 148 խնդիրների, որոնց մասին գրասենյակը կազմել է 136 էջանոց զեկույց: Այսօր լրագրողների հետ զրույցում ՄԻ պաշտպան Կարեն Անրդեասյանն ասել է, որ իր զեկույցը սկսել է հետևյալ գնահատականով. «Հայաստանում պակասում է հաց և արդարություն»:
Անդրեասյանը տեղեկացրել է, որ Արդարադատության նախարարությունը և Ազգային անվտանգության խորհուրդը ստեղծելու են միջպետական մարմին, որը մշակելու է գործողությունների ծրագիր՝ ՄԻՊ-ի վերհանած խնդիրների լուծումը գտնելու համար: Թե ինչ արդյունք այն կտա՝ Անդրեասյանը խոստացավ գնահատականներ տալ աշխատանքների ավարտից հետո:
Օմբուդսմենն ասել է, որ ընդհանուր առմամբ ամենաբացասականը գնահատել է Պետական եկամուտների կոմիտեի և Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի աշխատանքը, որոնք, ըստ պաշտպանի, պատասխանատվություն պետք է զգան հացի բացակայության համար: Մարդու իրավունքների խախտման դեպքերի քանակով երկրորդը դատական իշխանությունն է, որը պատասխանատ է արդարության բացակայության համար: Անդրեասյանի խոսքով՝ հենց այս գերատեսչությունների արձագանքը զեկույցին եղել է ամենա ոչ ադեկտվատը:
«Սոցիալական հարցերի նախարարության, Ոստիկանության, Առողջապահության նախարարության արձագանքները կարող են օրինակելի լինել, թե ինչպես պետք է լինի ՄԻՊ-ի դիտողություններին արձագանքը առհասարակ: Ամենացավալին դատական իշխանությունների և Արդարադատության նախարարության արձագանքն էր: Հաստատությունները, որոնք քննադատություն չեն ընդունում, ավելի դժվար կարող են ուղղել սխալները: Դատական իշխանությունը մոռանում է, որ անգամ կառավարության անցկացրած հարցումների համաձայն՝ բնակչության 70%-ը չի վստահում դատարանին»,- ասել է Անդրեասյանը: