Ազատության հրապարակում այսօր կայացած հանրահավաքին ընդդիմության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանել է Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի խոսքերին՝ ուղղված իր հոր՝ Ռիչարդ Հովհաննիսյանի հասցեին:
Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքով՝ այսօր «Հայկական ժամանակում» տպագրված հարցազրույցից ինքը տեղեկացել է, որ պարոն Խաչատրյանը վիրավորվել է, որ իրեն դիմել են Լիսկա մականունով: Հովհաննիսյանն ասել է, որ Սուրեն Խաչատրյանը իր հարցազրույցներից մեկում խոստովանել էր, որ հպարտ է կրել այդ մականունը և որ հենց այդ պատճառով է ինքը մարզպետին դիմել՝ «պարոն Լիսկա»:
«Եթե վիրավորել եմ, ներողություն, որ խոցել եմ Ձեր փխրուն հոգին», – ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նա նաև անդրադարձել է Խաչատրյանի հարցազրույցի այն հատվածին, որում վերջինս հայտարարել է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի ընտանիքից և ոչ մեկը Արցախյան պատերազմի ժամանակ ոչ մի մասնակցություն չունեցավ սահմանների պաշտպանության գործում, մինչդեռ ինքը 1988 թվականին թողեց իր «շքեղ ապրելակերպը, 1.5 միլիոն դրամ դրեց, զենք և զինամթերք գնեց, բերեց և գնաց սահման»:
«Կարող է իսկապես գնացել և Արցախյան ազատամարտում որոշ ծառայություն տվել է: Եթե արել է, իր կյանքի այդ հատվածն արժանի է հարգանքի: Բայց ինքն անցել է ուրիշ հռետորաբանության և իմ հոր՝ Ռիչարդ Հովհաննիսյանի հասցեին կեղտոտ, սուտ բաներ ասել, որի համար ես իր ներողությունը չեմ խնդրում, որովհետև այդ ստոր արարածը ոչնչություն է: Ես ոչ մի բան եմ նրա (Ռիչարդ Հովհաննիսյանի – խմբ.) նկատմամբ, իսկ դուք՝ պարոն Խաչատրյան, զրոյից պակաս: Եթե միանում եք կեղծ հայրենասերների խմբակին, ձեր իրավունքն է, իսկ եթե սպառնում եք, ոնց որ օձի գլուխն են ջարդում, որ իմ գլուխը պիտի ջարդեք ժողովրդի առաջ, ես ձեզ ժամադրում եմ, Կապանում՝ ժ.10-ին (ապրիլի 1-ին – խմբ.), ժողովրդի առաջ», – ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ հարցազրույցում Խաչատրյանը խոսել էր տեսանյութի մասին՝ նվիրված՝ այսպես կոչված «հայոց պատմության կեղծարարներին», որոնց մեջ է նաև Ռիչարդ Հովհաննիսյանը՝ «հակագիտական և հակահայկական»։
«100 տոկոսով չեմ կարող ասել, որ ճիշտ է։ Եթե ես 100 տոկոսով իմանամ, որ ճիշտ է, հենց ժողովրդի մոտ Րաֆֆիի գլուխը կջարդեմ: Ո՞նց, չես ճանաչո՞ւմ ինձ, Հայաստանի աչքի առաջ գլուխը կջարդեմ օձի գլխի պես», – ասել էր Սուրեն Խաչատրյանը: