Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում Զատկին ընդառաջ հավկիթ բաժանելը ավելի քան 10 տարվա ավանդույթ է: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է համայնքի սոցիալական ապահովության, առողջապահության և ծրագրերի բաժնի պետ Գևորգ Գևորգյանը: Նրա խոսքով՝ ավանդույթը ձևավորվել է դեռ համայնքի առաջին ղեկավար Վահան Զատիկյանի օրոք, ուղղակի այս անգամ տոնը համընկավ Երևանի ավագանու ընտրությունների հետ և այդ պատճառով շահարկումների առիթ դարձավ:
Հիշեցնենք, որ երեկվանից համացանցում լուրեր են տարածվել այն մասին, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանից զանգել են բնակիչներին և խնդրել ներկայանալ և հավկիթի կտրոններ ստանալ թաղապետարանից: Որոշ բնակիչներին բացատրել են, որ սա օգնություն է ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանի կողմից:
Ըստ Գևորգյանի՝ համայնքի բնակիչներին տրամադրվում է 20 հատ ձու, դրանք ստանալու համար պետք է գնալ թաղապետարան, ներկայացնել անձնագիր և ստանալ ձվի կտրոն, ներկայանալ բարեգործական ճաշարան: Գևորգյանը հրաժարվել է ասել, թե ինչքան գումար է թաղապետարանը տրամադրել բարեգործության համար, սակայն ասել է, որ գնվել են տեղական՝ «Լուսակերտի» թռչնաֆաբրիկայի արտադրած հավկիթները: