Ալավերդու պղնձաձուլական գործարանում մարտի 30-ին առավոտնյան հրդեհ է տեղի ունեցել: Այս մասին Epress.am-ին հայտնել է բնապահպան Ինգա Զառաֆյանը: Նրա խոսքով՝ Շնող գյուղի ճանապարհին իրենց աշխատանքային խումբը նկատել է, որ գործարանի մետալուրգիական արտադրամասից ծուխ է բարձրանում: Բնապահպանները զանգահարել են գործարան, սակայն նրանց զանգերին չեն պատասխանել:
Ինչպես հաղորդում է Hetq.am-ը, ծխի պատճառն այն էր, որ փլվել էր ձուլարանի ծխատարի որոշ հատված, ինչի հետևանքով մետալուրգիական արտադրամասի արտանետումները ամբողջությամբ չէին հասնում Կոշաբերդի գագաթի ծխնելույզին, այլ դուրս էին թափվում: Ծուխը տարածվել էր քաղաքի թաղամասերում, և դժվար էր դարձրել շնչելը:
Հիշեցնենք, որ ձուլարանը շահագործում է «Վալլեքս» խմբի «Արմենիան քափըր փրոգրամ» ընկերությունը:
Epress.am-ը փորձել է մանրամասները ճշտել «Վալլեքսից», սակայն մեր զանգերին ևս պատասխան չի եղել:
Տեսանյութը՝ Ecolur.org-ի