Home / Հայաստան / Ադրբեջանցի աստվածաբանի ձերբակալությունը վրդովվեցրել է հավատացյալներին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ադրբեջանցի աստվածաբանի ձերբակալությունը վրդովվեցրել է հավատացյալներին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Նախօրեին Ադրբեջանում ձերբակալվել է Նարդարան գյուղի բնակիչ, աստվածաբան Թալեհ Բագիրզադեն: Ինչպես Turan գործակալությանը հայտնել է նրա փաստաբան Անար Գասիմլին, նրան մեղադրում են թմրամիջոցների անօրինական պահման մեջ: Նրա մոտ իրավապահները 1,26 գրամ հերոին են գտել:

Բագիրզադեի հետ ձերբակալել են նաև նրա վարորդին, որին մեղադրել են զենք անօրինական կրելու մեջ: Փաստաբանն առայժմ Բագիրզադեի հետ չի հանդիպել:

Վերջինիս ձերբակալությունը լուրջ դժգոհություն է առաջացրել Նարդարանի հավատացյալների շրջանում: Գյուղը հայտնի է որպես Ադրբեջանում մահմեդականության կենտրոն, Նարդարանի բնակիչները երկու տարի առաջ բողոքի ակցիաներ էին կազմակերպում կրթական հաստատություններում հիջաբ կրելու արգելքի դեմ:

Նարդարանցիները համարում են, որ Բագիրզադեին իրականում ձերբակալել են «Հազրաթ Աբբաս» մզկիթում հնչեցրած քարոզների համար: Մզկիթն այցելում են Նարդարանի, Մաշթաղի և Բիլգյայի մահմաեդականները, այն կառուցվել է 3 տարի առաջ հավատացյալների հավաքած գումարներով:

Կովկասի մահմեդականների վարչությունը մզկիթում նշանակել է իր հոգևորականին՝ Միրջաֆար Հասանլիին, սակայն այնտեղ քարոզներով հանդես էին գալիս Բագիրզադեն և մեկ այլ աստվածաբան Զուլֆուգար Միկաիլզադեն:

Դա դուր չի եկել իշխանություններին, ովքեր կարգարդել են թույլ չտալ աստավածաբանների մուտքը մզկիթ:

Բագիրզադեն և Միկաիլզադեն մասնակցել են հիջաբի կրման արգելքի դեմ բողոքի ակցիաներին, որից հետո Բագիրզադեն 1,5 տարվա ազատազրկման էր դատապարտվել, իսկ Միկաիլզադեն պայմանական ժամկետ էր ստացել:

Բագիրզադեի ձերբակալության հաջորդ օրը՝ երկուշաբթի, Նարդարան գյուղի իմամ Հուսեյնի հրապարակում հավատացյալները բողոքի ակցիա են անցկացրել՝ պահանջելով ազատել աստվածաբանին:

Մարդիկ հայտարարել են, որ Բագիրզադեի ձերբակալությունն անօրինական է՝ որակելով այն որպես «առևանգում»: Նրանք նաև պահանջել են վերջ դնել հավատացյալների հետապնդումներին, որոնք տարբեր տարբեր ակցիաների են մասնակցել: Հավաքվածները վանկարկում էին՝ «Մահ Ամերիկային», «Մահ Իսրայելին», «Ալլահ աքբար», «Ոչ ադրբեջանցի կոռումպացված չինովնիկներին»: Ոստիկանությունը ակցիային չի միջամտել: