«Արմավիան» դադարեցրել է թռիչքները, ընկերությունն ուզում են վաճառել, դրա համար էլ արդեն ամիսներ է ինչ աշխատավարձ չեն տալիս, մատակարարների փողերը նույնպես: Facebook սոցիալականցանցի իր էջում «Արմավիային» վերաբերող խնդրին է անդրադարձել ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ ՀԱԿ կուսակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը:
«Պարզ է՝ չվճարված գումարները կմնան ընկերությանը։ Բայց եկեք հասկանանք. ի՞նչ է նշանակում վաճառել «Արմավիան»: Այդ ընկերության հիմնական ակտիվները non tangible են (ոչ նյութական են – խմբ.)։ Այսինքն, չվերթները, շուկան։ Իսկ դրանք պետությանն են։ Արմավիան երբևիցե դրանք գնե՞լ է։ Ոչ։ Հա, օֆիսները, օդանավները (եթե դրանք կան), թող վաճառեն։ Բայց հիմնական ակտիվները թռիչքների իրավունքն է։ Սա պետական է։ Պոտենցիալ շուկան 5-6 մլն ուղևորաշրջանառություն է։ Սա իհարկե Delta-ի չափ չէ (110 մլն ուղևոր), բայց լրիվ համեմատելի է օրինակ մի տաս տարվա առաջվա «Աերոֆլոտի» հետ և մի 2 անգամ ավել վրացական շուկայից:
Ընդհանրապես, բիզնեսի 2 ոլորտ կա, որոնք Հայաստանում լրացուցիչ ռենտա են բերում. ավիացիան և հեռախոսակապը։ Պատճառն այն է, որ սփյուռքում ավելի շատ հայ է ապրում, քան Հայաստանում։
Եվ ուրեմն, թռիչքների իրավունքը պետությանն է։ Այսպիսով, այսօր ևեթ ՀՀ կառավարությունը պետք է հայտարարի, որ հետ է վերցնում թռիչքների իրավունքը։ «Արմավիան» չպետք է վաճառելու բան ունենա, բացի իր օֆիսներից։ Սա է ճիշտ իրավաբանական ու տնտեսական լուծումը», – գրում է Բագրատյանը։
Նա հիշեցնում է, որ 1993-ին, երբ ինքը վարչապետ էր, ավիցիայում բարեփոխում է իրականացվել. տարանջատվել են ավիափոխադրողն ու օդանավակայանը։
«Դրանից հետո ավիացիան կարգի եկավ։ Հանկարծ չլինի, որ այս «թոհուբոհի» արդյունքում դրանք նորից միանան», – զգուշացնում է ԱԺ պատգամավորը։