«Արմավիա» ավիաընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը գտնվում է արտերկրում և այսօր վերադառնալու է Երևան, գրում է «Հրապարակ» օրաթերթը՝ նշելով, որ այդ մասին ասել է «Արմավիայի» մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան:
Թերթը գրում է նաև, որ քաղաքում տեղեկություններ են շրջանառվում Բաղդասարովին պատկանող բենզագազալցման կայանների վաճառքի մասին, որոնցից Ավետիսովան տեղյակ չի եղել, քանի որ, ինչպես ինքն է ասել, կապ չունի այդ բիզնեսի հետ:
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ ֆինանսական ծանր վիճակում է հայտնվել նաև «Միկա» ֆուտբոլային ակումբը: Ֆուտբոլիստներին արդեն երկու ամիս է՝ աշխատավարձ չեն վճարել, և նրանք մտավախություն ունեն, որ «Արմավիայի» սնանկացումը կանդրադառնա թիմի ճակատագրի վրա:
Թերթը հարցի առնչությամբ դիմել է «Միկա» ֆուտբոլային թիմի մարզիչ Արամ Ոսկանյանին, ով պատասխանել է, որ թիմը նորմալ հունով պարապմունքներ է անցկացնում:
«Կան խնդիրներ, բայց դրանք չեն ազդում մեր մարզական առօրյայի վրա»,- ասել է նա: