Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի ղեկավարությունն առանց համապատասխան շինարարական փաստաթղթերի առկայության մետրոյի Երիտասարդական կայարանի գետնանցումում ապօրինի կերպով տեղադրել է շուրջ 60 մետր երկարությամբ կրպակաշար, որը նաև անհարմարություն է առաջացրել ուղևորների անցուդարձի համար: Այս մասին հաղորդում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:
Քաղաքապետարանը նշում է, որ մետրոպոլիտենի կայարանի տարածքում առանց համապատասխան շինթույլտվության ինքնակամ կառուցապատում իրականացնելու պատճառով մետրոպոլիտենի տնօրենին հայտարարվել է խիստ նկատողություն:
Նշենք, որ դեռևս երեկ կրպակները տեղում էին, սակայն այսօր արդեն նրանք ապամոնտաժված էին: