Սոցիալական ցանցի միջոցով 8-ամյա երեխայի հետ ծանոթանալու, նրա նկատմամբ անառակաբարո գործողությունների փորձ անելու մեջ մեղադրվող 28-ամյա Դավիթ Փահլևանյանի գործով երեկ դատարանում կարդացել են մեղադրականը, որով միջնորդել են ամբաստանյալին մեղավոր ճանաչել և դատապարտել 6 տարվա ազատազրկման:
Հիշեցնենք, որ, համաձայն գործի նյութերի, Դավիթ Փահլեվանյանը նամակագրական կապ է հաստատել 8-ամյա երեխայի հետ 2012 թվականի օգոստոսի 18-ին և երեք օր զրույցներից հետո առաջարկել է հանդիպել: Երիտասարդին ձերբակալել են հանդիպման վայրում: Փահլևանյանին մեղադրում են պոռնկագրական նյութերի կամ առարկաների տարածելու, նամակագրության գաղտնիությունը խախտելու փորձի և անառակաբար գործողությունների փորձի մեջ:
Ինչպես Epress.am-ի հետ զրույցում պատմել է Փահլևանյանի փաստաբան Գայանե Խաչատրյանը, Դավիթին տարել են Երևանի քննչական վարչություն և ծեծի են ենթարկել, ինչից հետո երիտասարդն ինքնախոստովանական ցուցմունք է տվել:
Հետագայում, սակայն, Փահլևանյանը դիմել է գլխավոր դատախազություն՝ հայտնելով, որ իր նկատմամբ բռնություն է կիառվել: Այս մասով սկսել է զբաղվել Հատուկ քննչական ծառայությունը, որը բողոքն ի վերջո մերժել է:
Գայանե Խաչատրյանը խոշտանգումների մասին ևս մեկ դիմում է ներկայացրել Դատախազություն, սակայն այն ևս մերժվել է:
Փաստաբանի խոսքով՝ իր պաշտպանյալի հանդեպ անհամարժեք պատիժ է միջնորդվել, քանի որ ապացուցված է միայն այն, որ Դավիթն իր հեռախոսում ունեցել է մանկական պոռնոգրաֆիա պարունակող տեսահոլովակ, իսկ արդյոք Դավիթը մտադիր էր ութամյա երեխային բռնաբարել, ապացուցված չէ:
Գայանե Խաչատրյանը հիշեցրել է, որ նախորդ դատական նիստին ութամյա աղջկա մայրն ասել է, որ երբ տեսել է, թե իր աղջկան տարիքով մեծ տղա է գրում, ինքն է սկսել «Օդնոկլասսնիկի»-ում Դավիթի նամակներին պատասխանել:
«Մայրը դատարանում ասաց, որ նամակներին պատասխանել է, քանի որ ցանկություն է ունեցել բացահայտել տղայի ինքնությունը»,- ասել է Խաչատրյանը: Փահլևանյանը, մասնավորապես, հարցրել է՝ արդյոք «աղջիկը» կցանկանա նկարահանվել տեսահոլովակում, ինչպես նաև պատմել է, թե ինչ է սեքսը:
Ըստ փաստաբանի՝ Փահլևանյանը պնդում է, որ իրեն տրված պատասխաններից ինքը համոզված է եղել, որ իր հետ խոսողը երեխա չէ:
Ապրիլի 15-ին Փահլևանյանի կողմը ներկայացնելու է իր պաշտպանական ճառը, որից հետո դատարանը կհրապարակի դատավճիռը: