Home / Հայաստան / Փարիզյան դրամա. ՊՍԺ-ն ոչ-ոքի խաղաց մրցավարի և Վալդեսի օգնությամբ

Փարիզյան դրամա. ՊՍԺ-ն ոչ-ոքի խաղաց մրցավարի և Վալդեսի օգնությամբ

Ֆրանսիական «Պարի Սեն-Ժերմենը» վերջին վայրկյաններին փրկվեց ապրիլի 2-ին Փարիզում կայացած «Բարսելոնայի» հետ խաղում: Չնայած «Բարսան» Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակիչ առաջին խաղում կորցրեց հաղթանակը դարպասապահ Վիկտոր Վալդեսի սխալից հետո, այնուամենայնիվ, կատալոնացիները կիսաեզրափակիչ դուրս գալու ավելի լավ հնարավորություններ են պահպանում:

Ֆրանսիական ակումբը երկար տարիներ չէր խաղացել Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակիչ փուլում: Լեփ-լեցուն ստադիոնը և արաբական շեյխ Նասեր Ալ-Խելաիֆիի ներդրած գումարներն ու ամբիցիաները ստիպեցին ՊՍԺ-ին առաջին րոպեներից առաջ գնալ: Կառլո Անչելոտիի թիմը նույնիսկ կարողացավ «Բարսայի» համար լուրջ խնդիրներ ստեղծել պաշտպանությունում: Դրվագներից մեկում հյուրերին փրկեց դարպասաձողը, ևս մեկ պահ չիրացրեց Զլատան Իբրահիմովիչը: Սակայն «Բարսան» առաջին խաղակեսի վերջին հատվածում տիրեց նախաձեռնությանը և առաջ անցավ հաշվի մեջ՝ Ալվեսի հիանալի փոխանցումն օգտագործեց Մեսսին:

Ընդմիջմանը արգենտինացին վնասվածք ստացավ, որի հետևանքով կարող է մինչև 3 շաբաթ բաց թողնել, ինչը նվազեցրեց «Բարսայի» արդյունավետությունն առջևում: Խոշոր հաշվով հյուրերը չէին էլ ձգտում մեծ ճնշում գործադրել մրցակցի դարպասի վրա՝ վստահ պաշտպանվելով: ՊՍԺ-ն կարողացավ մեկ գոլային պահ ստեղծել, սակայն մոտ տարածությունից «Բարսայի» նախկին հարձակվող Իբրահիմովիչի հարվածը հետ մղեց Վալդեսը: Իբրային, այնուամենայնիվ, հաջողվեց գոլի հեղինակ դառնալ: Տիագու Սիլվան ստանդարտ դիրքի խաղարկությունից հետո գլխով հարված կատարեց, գնդակը հետ մղվեց դարպասաձողից, և շվեդ գոլահարը մոտ տարածությունից գրավեց «Բարսայի» դարպասը: Կրկնապատկերը ցույց տվեց, որ Իբրան ակնհայտ խաղից դուրս վիճակում էր, սակայն մրցավարն այդ փաստի վրա ուշադրություն չդարձրեց:

«Բարսան» հանդիպման վերջնամասում 11-մետրանոցի իրավունք ստացավ. ֆրանսիական թիմի իտալացի դարպասապահ Սալվատորե Սիրիգուն գցեց Ալեքսիսին, և Չավին իրացրեց պահը:

Սակայն դրաման այդքանով չավարտվեց. 4-րդ ավելացված րոպեին Իբրահիմովիչը գլխով հետ փոխանցում կատարեց Բլեզ Մատյուիդիին, իսկ վերջինս միջին տարածությունից հարվածով գրավեց Վալդեսի դարպասի մոտ անկյունը: Հարկ է նշել, որ դարպասապահն այդ դրվագում սխալվեց, նա կարող էր հետ մղել գնդակը, սակայն Վալդեսի ձեռքից այն հայտնվեց ցանցում:

Խաղից հետո ՊՍԺ-ի մարզիչ Կառլո Անչելոտին դժգոհեց նշանակված 11-մետրանոցից՝ համարելով, որ Ալեքսիսը սիմուլյացիայի է դիմել, սակայն իտալացի մարզիչը, հավանաբար, «չնկատեց», որ իր թիմի առաջին գնդակը կանոնների ակնհայտ խախտումով էր խփվել:

Օրվա երկրորդ խաղում գերմանական «Բավարիան» հիանալի ֆուտբոլ ցուցադրեց՝ ոչ մի շանս չտալով իտալական «Յուվենթուսին»: Մյունխենցիներն առաջին գնդակը խփեցին արդեն իսկ 25-րդ վայրկյանին. Դավիդ Ալաբայի հարվածից հետո գնդակը դիպավ Արտուրո Վիդալին, ինչն էլ ապակողմնորոշեց դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնին: Դրանից հետո «Յուվեն» մոտ 15 րոպե տիրեց նախաձեռնությանը, սակայն այդքանով թուրինցիների համար ամեն ինչ ավարտվեց: Հանդիպման մնացած հատվածում խաղադաշտում միայն մեկ թիմ կար՝ «Բավարիան»: Մյունխենցիները մի քանի գոլային պահ ստեղծեցին, սակայն կարողացան օգտագործել միայն մեկը՝ 63-րդ րոպեին Մարիո Մանջուկիչի փոխանցումից հետո դատարակ դարպասը գրավեց Թոմաս Մյուլերը: Հարկ է նշել, որ Մանջուկիչը այդ դրվագում խաղից դուրս վիճակում էր գտնվում, սակայն մրցավարը չնկատեց դա:

Հանդիպումից հետո մյունխենցիները նշում էին, որ խնդիրը դեռևս լուծված չէ, սակայն կարելի է միանշանակ պնդել, որ «Բավարիան» արդեն 90 տոկոսով կիսաեզրափակիչում է, և միայն սեփական ուժերի գերլարումը և մյունխենցիների ակնհայտ անհաջող խաղը կարող է օգնել իտալական թիմին հաղթահարել գերմանական արգելքը: