Home / Հայաստան / Մարդիկ չեն ցանկանում աշխատել ոստիկանությունում. Իջևանում՝ 60 թափուր տեղ

Մարդիկ չեն ցանկանում աշխատել ոստիկանությունում. Իջևանում՝ 60 թափուր տեղ

ՀՀ ոստիկանության Իջևանի բաժնում ներկայումս 60 թափուր աշխատատեղ կա: Խոսքը քննիչների, հետախույզների, շարքային ոստիկանների աշխատատեղերի մասին է: Արդեն մի քանի ամիս է` այս 60 թափուր տեղը չի հաջողվում լրացնել, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:

«Վերջին տարիներին բազմիցս գրել ենք այն մասին, որ իրավապահ համակարգում, հատկապես ոստիկանների ու քննիչների շրջանում, լուրջ դժգոհություններ կան: Տեղեկացրել ենք նաև համակարգը զանգվածային լքելու դեպքերի մասին: Առաջին անգամ այդպիսի ալիք առաջացավ 2009 թվականին, երկրորդ ալիքը 2011-ին էր: Ոստիկանությունը, իհարկե, մինչ օրս պաշտոնապես չի ընդունում, որ կադրային այսպիսի խնդիր ունի: Սակայն Իջևանի նման փոքր քաղաքի օրինակը, որտեղ աշխատատեղի մեծ պահանջարկ կա, ցույց է տալիս իրավապահ համակարգի վարկաբեկման աստիճանը», – նշում է թերթը:

«ՀԺ»-ն ընդգծում է, որ մարդիկ նախընտրում են անգործ մնալ, խոպան գնալ, ընդհանրապես արտագաղթել, բայց ոստիկանություն չմտնել:

«Քաղաքական հաշվեհարդարի գործիք դարձած իրավապահ համակարգում աշխատելը մարդկանց գիտակցության մեջ ամրապնդվել է որպես «հարամ» գործ»,- եզրակացնում է թերթը: