Home / Տեսանյութեր / «Ապրիլի 9-ին՝ մեկ մարդու պես». Զոհված զինվորի մայրը կխոսի հանրահավաքին

«Ապրիլի 9-ին՝ մեկ մարդու պես». Զոհված զինվորի մայրը կխոսի հանրահավաքին

Բանակում  խաղաղ պայմաններում զոհված Արայիկ Ավետիսյանի մայրը՝ Անահիտ Մկրտչյանը (լուսանկարում՝ աջից), այսօր պատրաստվում է ելույթ ունենալ Ազատության հրապարակում՝  Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած հանրահավաքին: Այս մասին նա ասել է  Еpress.am-ի հետ զրույցում՝ ընդգծելով, որ ելույթով ինքն արտահայտելու է մնացած ծնողների դժգոհությունն իրենց որդիների սպանությունները մինչ օրս կոծկող պատկան մարմիններից:

«Մեր դժգոհությունն ամեն ինչից ու բոլորից է՝ Պաշտպանության նախարարից, նախկին նախագահից, չեմ էլ ուզում ասել հիմիկվա նախագահից, որովհետև հիմիկվանը նախագահ չէ, այլ՝ ինքնահռչակ: Ելույթում նշելու եմ, որ մինչ օրս քրեական գործով նորմալ դատավարություն չի լինում, սպանությունները գնալով շարունակվում են, երեխեքին սպանող սպաներն էլ իրենց համար ման են գալիս ու զորամասերում շարունակում են իրենց նկրտումները», – ասել է Մկրտչյանը:

Զինվորի մայրը նշել է, որ ոչ մի ակնկալիք չունի ներկա իշխանություններից՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց ասածներն ու արածները բոլորովին չեն համապատասխանում:

«Այս մարդիկ սովոր են տրորել, ոտնատակ տալ մարդկանց ու անցնել: Ո՞ւր է այդ ինքնահռչակի կարգախոսի «ապահով Հայաստանը»: Երևի այն, որ օրը ցերեկով ազգային հերոս, գյուղապետ Հրաչ Մուրադյանին իր աշխատավայրի մուտքի մոտ սպանո՞ւմ են, միգուցե սա՞ է ապահով Հայաստանը: Ես չգիտեմ՝ սպանություն կատարող անձը կբռնվի՞, թե էլի մեկ ուրիշի վրա կբարդեն ու կքշեն կգնա», – նշել է Մկրտչյանը:

Զոհված զինվորի մայրն ընդգծել է, որ ժամանակին էր պետք սանձել իշխանությունը զավթածներին, ու միայն այդ դեպքում այսօր նման պատկեր չէր լինի:

«Նախագահական ընտրություններին արդեն ես իրոք ապահով, ժողովրդավար ու իրավական պետության կողմնակից էի ու ձայնս տվեցի Րաֆֆի Հովհանիսյանին, հիմա էլ սկզբունքորեն կանգնած եմ իմ ընտրած թեկնածուի կողքին ու տեր եմ իմ ձայնին», – ասել է զինվորի մայրը:

Մկրտչյանը նաև կարծիք է հայտնել, որ բոլոր այն մարդիկ, ովքեր ձայն են տվել Րաֆֆի Հովհաննիսյանին, ապրիլի 9-ին մեկ մարդու պես պետք է կանգնած լինեն Ազատության հրապարակում:

«Միայն այս դեպքում Սերժ Սարգսյանը չի մոտենա Սահմանադրությանը և Ավետարանին»,- եզրափակել է նա:

2007թ. Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղի զորամասում զոհված զինծառայող Տիգրան Օհանջանյանի մայրը՝ Գոհար  Սարգսյանը (լուսանկարում՝ ձախից), Epress.am-ի հետ զրույցում զարմանք է հայտնել, թե ինչպես է Սերժ Սարգսյանը պատկերացնում իր պաշտոնավարման մնացած 5 տարիները, եթե նախորդ 5-ին ինքը ոչինչ չի արել:

«Այսինքն՝ ինքը թքած ունի բանակի վրա, սպանությունները  բաձարձակ իրեն չեն հուզում ու հետաքրքրիրն այն է, թե ինչպե՞ս է ինքը ղեկավարելու, եթե իր ասուլիսի ընթացքում որևէ լրագրող հարցի հնարավորություն չունեցավ պարզելու՝ ինչպե՞ս է վերաբերվում բանակում տեղի ունեցող սպանություններին», – ասել է մեր զրուցակիցը:

Սարգսյանը շեշտել է, որ իրենց համար կարևոր չէ, թե որ կուսակցության ներկայացուցիչն է կանգնած հրապարակում, քանի որ իրենք ունեն կոնկրետ պահանջներ ու ակնկալում են դրանց շուտափույթ լուծման տարբերակներ:

«Ով էլ լիներ՝ գնալու էինք: Կարևոր չէ՝ ՀԱԿ-ն է, ՀՅԴ-ն, ՕԵԿ-ը, թե ԱԻՄ-ը, թե մեկ ուրիշը, մենք պետք է հասկանանք, թե իշխանության գալու պարագայում ի՞նչ ձևով են լուծելու բանակում՝ չարորակ ուռուցքի պես աճող սպանությունների հարցը: Թող լինի ՀՀԿ-ն, մենք միևնույն է՝ պահանջատեր ենք: Իշխող կուսակցություն է, թող ասեն, որ մի քայլ են արել չբացահայտված սպանությունները բացահայտելու ուղղությամբ, առավել ես՝ հիմա զինդատախազը բացարձակապես մեզ չի ընդունում», -նշել է զինվորի մայրը:

Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ ապրիլի 9-ին կայանալիք հանրահավաքում ինչ-որ բան չի փոխվելու, քանի որ իշխող ՀՀԿ-ն փող դիզելով ու փողեր բաժանելով ամուր նստած է գահին ու ամեն գնով ջանում է պահել այն:

«Ու սա կտևի այնքան ժամանակ, քանի դեռ մեր ժողովուրդը ոտքի չի կանգնել. ուրիշ ելք այս պահին չեմ տեսնում: Ինչ վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանին, ապա մի քանի անգամ զրույցել ենք և նա ասել է, որ հետամուտ է լինելու մեղավորներին պատժելու գործընթացին», – ասել է մեր զրուցակիցը:

Տիգրան Օհանջանյանի հայրը՝ Սուրեն Օհանջանյանն էլ  ավելացրել է, որ Սերժ Սարգսյանն առանց ամաչելու նորից պատրաստվում է գնալ երդմնակալության, այնինչ ինքը ամենամեծ ստախոսն է:

«Նախորդ երդումից հետո նա ոչ մի խոստում չի կատարել, հիմա էլ պատրաստվում է ապրիլի 9-ին ձեռքը դնել Սուրբ գրքին ու Սահմանադրությանը, երդվել ու շարունակել ստել, չկատարել իր խոստումները: Ի՞նչ, մյուս 5 տարիներին մենք նորից պետք է տառապե՞նք: Մենք ասել ենք ու ասելու ենք՝ համոզված ենք, որ մեր երեխաներին  սպանել են հենց «Հանրապետական կուսակցության» ներկայացուցիչների բարեկամները, հարազատները, ու դրանց ամբողջ հոգով սատար է կանգնած Սերժ Սարգսյանը», – եզրափակել է Օհանջանյանը: