Ապրիլի 4-ին կեսգիշերին մոտ Հրաչյա Քոչար փողոցում` թիվ 198 տան դիմաց վթարի է ենթարկվել ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Զոհրաբ Զոհրաբյանի մեքենան:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Զոհրաբյանի Cherry մակնիշի մեքենան, որը վարում էր նրա վարորդը՝ 42-ամյա Արմեն Դոյդոյանը բախվել է Opel Vectra մակնիշի մեքենայի հետ, որի վարորդն է եղել Կոտայքի մարզի Ներքին Պտղնի գյուղի բնակիչ 23-ամյա Գևորգ Դավթյանը:
Վթարի հետևանքով Cherry-ին հայտնվել էր հանդիպակած երթևեկելի գոտում, իսկ Opel-ը կողաշրջվել էր: Դեպքի վայր են ժամանել փրկարարները, ովքեր քաղաքացիների օգնությամբ ավտոմեքենաներից դուրս էին բերել վարորդներին և ուղևորներին:
Ֆոտոլրագրողը հայտնում է , որ Դոյդոյանն ու Զոհրաբյանը տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն, ինչպես նաև Opel-ի ուղևոր Արմեն Պադյանը, իսկ Opel-ի վարորդ Դավթյանը տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Շամշյանի փոխանցմամբ՝ վթարի ականատես քաղաքացիները պատմել են, որ Opel-ի վարորդը բարձրանալիս է եղել Քոչարի փողոցով, երբ Cherry-ին դուրս է եկել հանդիպակած գոտի և բախվել Opel-ին, իսկ հիվանդանոցում ինչ-որ անձինք ոստիկանությանը հայտնել են, որ Cherry-ի վարորդին մեկ այլ ավտոմեքենա հետապնդելիս է եղել, ու անգամ հարվածել են հետապնդվող ավտոմեքենային:
Ավագ քննիչ Դ. Մարտիրոսյանի հանձնարարականով մեքենաների վարորդները ենթարկվել են բժշկական ստուգումների և պարզվել է, որ նրանք մեքենան վարել են սթափ վիճակում:
Զոհրաբյանը գտնվում է անգիտակից վիճակում: Նշենք, որ մարտի սկզբին նա անդամագրվել էր ԲՀԿ-ին, նախկինում նա ՀՀԿ անդամ է եղել:
Երեք օր առաջ «Հրապարակ» օրաթերթը գրել էր, որ ԲՀԿ անդամագրվելու պատճառով Զոհրաբ Զոհրաբյանը խնդիրներ ունի Արաբկիրի հեղինակությունների հետ: Թերթի տեղեկություններով, օրեր առաջ Զոհրաբյանին Արաբկիրի հանցավոր հեղինակությունները «նեղել» են՝ համարելով, որ նա դավաճանություն է արել, անգամ գործը ծեծկռտուքի է հասել:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի