Այսօր Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները թռիչքներ են իրականացրել Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի մոտակայքում, հաղորդում է 1news.az-ը:
Թռիչքները տեղի են ունեցել Աղդամի և Բարդայի շրջաններում, որտեղ այսօր իրականացված դիտարկման ընթացքում ԵԱՀԿ-ի Մինսկի Խմբի համանախագահները հատել են շփման գիծը:
Հիշեցնենք, որ այսօր ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի դիտարկում է անցկացրել Աղդամ-Բարդա ուղղությամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ:
Դիտարկման ժամանակ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ժակ Ֆորը /Ֆրանսիա/, Իգոր Պոպովը /Ռուսաստան/ և Յան Քելին /ԱՄՆ/, ովքեր նախօրեին տեղի ունեցած դիտարկման ժամանակ ադրբեջանական կոմից անցել էին ԼՂՀ տարածք, հատել են շփման գիծը ականազերծված հատվածով՝ անցնելով Արցախի տարածքից հակառակ կողմը:
Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են ԼՂՀ արտաքին գործերի նախարարության եւ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները, հայտնում են ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից: