Ապրիլի 5-ին ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի դիտարկում է անցկացրել Աղդամ-Բարդա ուղղությամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ:
Դիտարկումն իրականացվել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկի գլխավորությամբ: ԼՂՀ տարածքից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն /Չեխիա/ և Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/:
Դիտարկման ժամանակ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ժակ Ֆորը /Ֆրանսիա/, Իգոր Պոպովը /Ռուսաստան/ և Յան Քելին /ԱՄՆ/, ովքեր նախօրեին տեղի ունեցած դիտարկման ժամանակ ադրբեջանական կոմից անցել էին ԼՂՀ տարածք, հատել են շփման գիծը ականազերծված հատվածով՝ անցնելով Արցախի տարածքից հակառակ կողմը:
Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են ԼՂՀ արտաքին գործերի նախարարության եւ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները, հայտնում են ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից: