Ապրիլի 9-ին, ժ.12.00-ին տեղի է ունենալու նոր Հայաստանի հռչակումը: Այս մասին այսօր Ազատության հրապարակում հայտարարել է ընդդիմության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Վայ նրանց, ովքեր ապրիլի 9-ին սուտ երդում են ուտելու: Չենք ներելու: Սա միասնականության օրն է, որտեղ չկա բաժան-բաժան ժողովուրդ, ազգ և պետություն: Մենք մեկ ենք ամեն տեղ, և մերն է ազատությունը, սա մեր իրավունքն է և մեր ազատությունը», – ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նա կոչ է արել բոլորին ապրիլի 9-ին, ժ.11.00-ին լինել Ազատության հրապարակում՝ մասնակցելու նոր Հայաստանի երդմնակալության արարողությանը:
«Գալիս ենք մոտիկից և հեռուից, Արցախից, Սփյուռքից, գալիս ենք ոտքով, մեքենայով, հյուսիսից և հարավից, հաղթական բոլոր քաղաքներից և գյուղերից՝ փշրելու այդ կեղտոտ իշխանություններին: Գալիս ենք ընտանիքներով, ընկերներով՝ ներքին կասկածը և վախը հաղթահարած: Գալիս ենք չնահանջելու, մեր մեծ սխալը ուղղելու», – ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ նույն օրը՝ ժ 17.00-ին Ազատության կամ Հանրապետության հրապարակից «գնալու ենք վերադարձնելու իշխանությունը ժողովրդին»:
«Ով ժողովրդի հետ է, այստեղ է լինելու ապրիլի 9-ին, ժ.12.00-ին: Եթե պետք է, մի օր շուտ եկեք, չսպասեք մինչև 9-ի առավոտը: Եթե որևէ իրավապահ ճանապարհ փակի, դեմ կանգնի հայ ժողովրդի պայքարին, պիտի պատասխան տա: Սիրելի ոստիկաններ, կատարեք ձեր պարտականությունը, ուղեկցեք մեզ՝ ապահովելով մեր անվտանգությունը», – ասել է Հովհաննիսյանը:
Նա հայտարարել է, որ ապրիլի 9-ին ողջ հանրապետությունում հայտարարվում է գործադուլ և դասադուլ:
«Այդ տոնը՝ ուսանող, ուսուցիչ, զինվոր, միասին պիտի տոնենք: Ապրիլի 9-ին մեր մանկավարժները, ուսուցիչները, ուսանողները ու աշակերտները պիտի գան հրապարակ, որովհետև արժանի են ամենալավ կրթական համակարգին, գործարարները պիտի գան, որովհետև պիտի պաշտպանված լինեն, կանայք պիտի գան, որպեսզի իրենց ամուսինները վերադառնան խոպանից, ազատամարտիկները պիտի գան՝ ապացուցելու, որ միասնական ենք, գյուղացին պիտի գա, որովհետև պիտի գիտակցի, որ առանց իրեն չկա բերք, ջուր…: Երիտասարդը պիտի գա, որովհետեև ապագա պիտի ունենա», – ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նա կոչ է արել գործող իշխանություններին ապրիլի 9-ին սահմաններում թողնել զինվորներին:
«Չփորձեք Արցախից կամ որևէ այլ վայրից սպեցնազ բերել: Ով գալու է, կանգնելու է ժողովրդի կողքին», – ասել է նա:
Հովհաննիսյանն ավելացրել է, որ եթե որևէ մեկը՝ իր պաշտոնակատարումը իրականացնող Սերժ Սարգսյանը կամ Վեհափառը մինչև ապրիլի 9 ասելիք ունեն, «մենք կլսենք, կգնահատենք իրենց ցանկացած քայլ դեպի ժողովուրդ, կգնահատենք նաև քայլի բացակայությունը»:
«Ապրիլի 9-ին ունենալու ենք ազգային միասնության տոն և ոչ մեկն այն չի հարամելու», – ասել է Հովհաննիսյանը: