Home / Հայաստան / Քաղաքապետարանը «Ժառանգությանն» առաջարկում է փոխել երթի ուղին

Քաղաքապետարանը «Ժառանգությանն» առաջարկում է փոխել երթի ուղին

Երևանի քաղաքապետարանը պատասխանել է «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի գրությանը՝ ապրիլի 9-ին ժ. 17.00-ից մինչև 21.00-ն ընկած ժամանակահատվածում Ազատության հրապարակում նախորոք իրազեկված հանրային հավաքի ընթացքում Ազատության հրապարակ-Հյուսիսային պողոտա-Աբովյան փողոց-Հանրապետության հրապարակ-Վ.Սարգսյան փողոց-Գ. Լուսավորիչ փողոց-Հ.Պարոնյան փողոց-Պռոշյան փողոց-Մ.Բաղրամյան պողոտա-Ամիրյան փողոց-Հանրապետության հրապարակ երթուղով երթ անցկացնելու մասին:

Քաղաքապետարանից հայտնում են, որ, հաշվի առնելով, որ նույն օրը Բաղրամյան 26 հասցեում գտնվող Հանրապետության նախագահի նստավայրում նախագահի պաշտոնը ստանձնելու արարողության կապակցությամբ նախատեսված են բազմաթիվ արարողակարգային միջոցառումներ և հանդիպումներ արտասահմանյան պատվիրակությունների ղեկավարների հետ, հետևաբար, իրազեկման մեջ նշված երթուղով երթի անցկացումը կարող է էական դժվարություններ ստեղծել արարողակարգային միջոցառումների իրականացմանը:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սահմանադրությամբ ուղղակիորեն նախատեսված կարևոր պետական միջոցառումը՝ Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելու արարողությունն անհրաժեշտաբար զուգորդվում է բազմաթիվ այլ արարողակարգային միջոցառումներով, որոնք ուղղակիորեն բխում են հանրային շահերից և որոնք պայմանավորում են Պռոշյան փողոցով և Բաղրամյան  պողոտայով անխափան երթևեկության ապահովման անհրաժեշտությունը Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցիչը 04.04.2013թ. որոշեց մասամբ սահմանափակել հիշյալ երթուղով և նշված ժամանակամիջոցում երթ անցկացնելու հնարավորությունը՝  բացառելով մասնավորապես Պռոշյան փողոցով և Բաղրամյան պողոտայով երթի անցկացումը՝ դրա փոխարեն առաջարկելով երթն անցկացնել Ազատության հրապարակ-Հյուսիսային պողոտա–Աբովյան փողոց-Հանրապետության հրապարակ-Վ. Սարգսյան փողոց-Ստ. Շահումյանի անվան հրապարակ-Վ. Սարգսյան փողոց-Հանրապետության հրապարակ-Նալբանդյան փողոց-Թումանյան փողոց–Ազատության հրապարակ երթուղով», – ասված է քաղաքապետարանի գրության մեջ: