Այսօր Ազգային ժողովում ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հաձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ Արտակ Շաբոյանին հարցեր է ուղղել մրցակցությանը վերաբերող մի քանի ոլորտների ակտուալ խոչընդոտներից:
Փաշինյանը, մասնավորապես, հետաքրքրվել է, թե ինչու ՏՄՊՊՀ-ն միջոցներ չի ձեռնարկել հասկանալու և լուծելու «Կարֆուր» սուպերմարկետների ցանցի՝ Հայաստան գալը խոչընդոտող հանգամանքները, թեև այդ մասին հրապարակումներ շատ են եղել:
««Կարֆուրն» այնպիսի ընկերություն է, որ կաշկանդված չէ մեզ դիմելու հարցում: Մենք հայտարարել ենք, որ ուզում ենք իմանալ՝ ինչ խնդիր ունի «Կարֆուրը» Հայաստանում: Մենք ասել ենք, որ պատրաստ ենք նույնիսկ հրապարակային քննարկումների, եթե մեզ դիմեն», – պատասխանել է Շաբոյանը:
Նիկոլ Փաշինյանը խնդրել է նաև բացատրել այն փաստը, որ 2012 թվականին պաշտոնական տվյալներով Հայաստանում սպառվող շաքարավազի 99%-ը պատկանում է մեկ ընկերությանը՝ «Ալեքս Գրիգին» (ընկերությունը պատկանում է ՀՀԿ ԱԺ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանին – խմբ.), ինչպես նաև առաջարկել է բարձրաձայնել, թե ովքեր են այն հինգ ընկերությունները, որոնք, բացի «Ալեքս Գրիգից», զբաղվում են շաքարի առևտրով: ՏՄՊՊՀ նախագահը շաքարի արտադրությամբ և ներկմամբ զբաղվող 5 ընկերություններից երրկուսի անունն է հիշատակել՝ «Կոկա-կոլա» և «Գրանդ քենդի»:
Շաբոյանը նկատել է, որ Հայաստանում, բացի պետականորեն տրված մենաշնորհներից, այլ մենաշնորհ չկա:
«Կան գերակշիռ դիրք ունեցող տնտեսավարողներ: Այդ փաստն ինձ չի մտահոգում, քանի որ գերակշիռ դիրք ունենալը չի արգելվում օրենքով», – սահմանել է Շաբոյանը:
Անդրադառնալով շաքարավազի շուկային՝ Շաբոյանը կարծիք է հայտնել, թե ինչու է «Ալեքս Գրիգն» առաջատար:
«Այդ ընկերությունը մեծ ներդրումներ է արել, նրա առաջարկը ավելի մեծ է, քան շաքարավազի պահանջարկը մեր երկրում: Այս պայմաններում, ես չեմ պատկերացնում մի այլ ընկերություն, որ կգա, մեծ ներդրումներ կանի ու հաջողության կհասնի: Տնտեսագիտորեն նման քայլը հիմինավորված չի լինի», – ասել է Շաբոյանը: