Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը asparez.am կայքում գրել է երեկ ՌԴ տանկային հրաձգարանում տեղի ունեցած ողբերգական դեպքի մասին, երբ ականի պայթյունից զոհվել են երկու երեխա:
Առաջին գրառման մեջ Բարսեղյանը նշում է, որ 12-ամյա Արթուր Մկրտչյանը և 16-ամյա Մուշեղ Գևորգյանը զոհվել են Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղից արևելք գտնվող «Կամխուտ» հրաձգարանի տարածքում, ոչխարի հոտն արածեցնելիս գտած նռնակի չպայթած մասերի հետ խաղալու պատճառով:
«Երեխաները Արթուրի հոր`Էդվարդի հետ ոչխարներին են արածեցնելիս եղել Վահրամաբերդից արևելք` Մարմաշեն գյուղից հյուսիս գտնվող զինվորական հրաձգարանում, որը ի թիվս այլ ռազմական օբյեկտների անհատույց վարձակալման է տրամադրված Ռուսաստանի Դաշնությանը, և որտեղ դեռ խորհրդային ժամանակներից զրահատանկային և այլ տիպի հրաձգային վարժանքների տարածք է: Օրական 2500 դրամով հովվություն անող, ծանր սոցիալական դրությամբ ապրող, 8 երեխաների հայր Էդվարդ Մկրտչյանը իր որդու և հարևանի որդու հետ հոտը տարել է արածացնելու հրաձգարանի մոտակա տարածքները և որևէ սահմանազատող պարսպի կամ պատնեշի բացակայության հետևանքով մուտք գործել հրաձգարանի դաշտային և նախալեռնային տարածք:
Երեխաները մի պահ ջրի համար մոտ 100 մետր հեռացել են հովվից և հոտից, գտնելով ամենուր ցաքուցիր զանազան տեսակների արկերի և նռնակների մնացորդներն ու կտորները, ամենայն հավանականությամբ փորձել են դրանցից ալյումինը զատել և հավաքել պարկի մեջ` հանձնելու համար կամ խաղացել են, սկսել են հարվածել ժայռաբեկորին: Պայթյունը պոկել էր նրանցից մեկի ոտքն ու ձեռքը, իսկ մյուսի մարմինը կիսով չափ մասնատել: Երեխաների հագուստն ու կոշիկները շաղ էր եկել մոտ 15 մետր շառավղով:
Ժամը 16-ին մոտ երեխաների մարմինների մնացորդները շտապ օգնության մեքենաներով հեռացվեցին տարածքից: Մինչ այդ այստեղ աշխատել էին ոստիկաններն ու փորձագետները:
Զոհված երեխաները իրար հարևան էին, ապրում էին 50 մետր հեռավորությամբ, Արթուրն ունի 7 քույր և 1 եղբայր, մայրը սպասում է նոր զավակի, իսկ Մուշեղից բացի նրա ընտանիքում 4 երեխա կա», – գրել է Բարսեղյանը:
Վերջինս նշում է, որ ժամը 15:00-ի հատվածում ՌԴ-ին տանկային հրաձգարանը պատշաճ հսկվում էր, իրեն բացատրել են, որ մուտքն արգելվում է: Հարևան դաշտում աշխատող տրակտորիստն ասել է, որ, բացի այդ հատվածից, հրաձգարանը փաստացի բաց է բոլոր մնացած կողմերից, և մեքենայով մուտք գործելու համար, հարկավոր է Շիրակի ջրանցքի կողքի դաշտային ճանապարհով հասնել Վահրամաբերդ, ապա գյուղի միջով` հյուսիս ու մի քանի ճյուղավորումներով ուղղակի հայտնվել հրաձգարանի տարածքում: Փաստորեն այս եղանակով էլ տասնամյակներ շարունակ գյուղացիները իրենց հոտերը տանում են արածացնելու այդ տարածքները:
«Հուշած ճանապարհով, ես դեպքի վայր հասնելիս որեւէ պատնեշի, արգելափակոցի, փշալարի կամ պարսպի չհանդիպեցի: Բացի հրաձգարանին հատուկ կահավորանքը, շարժական թիրախների ռելսերը եւ թիրախները տեղաշարժելու համար գետնի տակից երես ելած էլեկտրական հոսանքալարերն ու բետոնե եւ քարե բազմաթիվ դզոտները, տեսա բազմաթիվ` հարյուրավոր արկերի, նռնակների ու հրթիռների մնացորդներ, որոնք ամեն քայլափոխի էին ու ոտի տակ էին ընկնում: Ակնհայտորեն այս տարածքում երբեք պարիսպներ կամ պատնեշներ չեն եղել:
Երեխաների մահվան վայրում անհասկանալի պատճառներով ոստիկանները չէին վերցրել երեխաների կոշիկներից երկուսը, հագուստների վառված կտորներից մի քանիսը, երևում էր երեխաների արյունը, այն ժայռակտորը, որի վրա երևի փորձել էին կոտրել հրթիռի կամ նռնակի կտորը:
Գյուղացիները պատմեցին, որ տարիներ շարունակ այս տարածներում կամ անասուն է պայթում զինամթերքի վրա, կամ սատկում է գետնից բուսած հաղորդալարերը ծամելիս` էլեկտրահարվելուց: Մի քանի տարի առաջ հովիվներից մեկի մատներն էր պոկել պայթուցիկը:
Հայաստանի իշխանությունները, գյուղական բնակավայրերին կիպ կպած դաշտային տարածքը ռազմական նպատակով այլ պետության հատկացնելիս, փաստորեն չեն պահանջել այն պատշաճ սահմանազատել մնացած տարածքներից: Կամ` պահանջել են, իսկ նրանք շան տեղ չեն դրել մերոնց: Երևի տեղն է մեզ, երեխաներն էին ափսոս: Երկու ապագա զինվոր զոհվեց փաստորեն: Գյուղացիներից որեւէ մեկը չէր կարծում, թե որևէ մեկը պատասխանատվություն կկրի այդ ողբերգական թափթփվածության համար», – գրում է Բարսեղյանը:
Երկրորդ գրառման մեջ նա նկարագրում է ռազմական հրաձգրարանում տիրող իրավիճակը՝ այն որակելով որպես բարդակ:
«Ես չգիտեի, որ քթներիս տակ` Գյումրուց 10 կմ, Մարմաշենի հազարամյա վանքային համալիրից 8 կմ հեռավորության վրա, գործող ռազմական պոլիգոնում էս տեսակ բառդակ է: Գիտեինք, որ պոլիգոն կա, կրակում են, վարժվում են, բայց, որ բոլոր կողմերից, բացի մեկ ճանապարհից, մուտքը բաց է բացարձակապես ամենեցու համար, չգիտեինք, «մուտքը բաց» ասելը շատ թեթև է ասված, բաց է մի խոսքով: Այն, ինչ տեսա էսօր ու նկարեցի, վեր էր իմ երեւակայությունից. արկերի ու նռնականետի նռնակների ու ինձ անծանոթ եսիմինչեր պայթած ու չպայթած անթիվ մնացորդներ ռուսական 102-րդ բազային անհատույց տնօրինման տրամադրված հրաձգարանի երեւի 3-5 քառակուսի կիլոմետրանոց տարածքում` բոլորին մատչելի: Բացի վտանգը` լիակատար ապականություն էր տիրում: Ռազմական կամ ծառայողական գաղտնիք չպիտի՞ լիներ սա, էս տարածքները Շիրակի մարզի Վահրամաբերդ, Մարմաշեն եւ Հովունի գյուղերի արանքում են, չեմ կարող ասել` ինչ որակի արոտավայրեր կլինեին, եթե մերը լինեին … գազ տեսա աճող ու 1600-1800 մետրին հատուկ բուսականություն, բայց ասպատակված, ավիրված լրիվ, հողերը` քարուքանդ:
Այդ տարածքները, որպես ՀՀ բնաշխարհ կորցրել ենք, դա հասկացա: Երանի այդ կորուստը երկրի պաշտպանվածությամբ հատուցվեր, սակայն տարածքը որպես հրաձգարան էլ էր ավերակ: Գուցե ժամանակին շատ լուրջ բան է եղել «Կամխուտ» պոլիգոնը, ես տեսա տանկային կամ հրանոթային շարժական թիրախների ռելսեր` երկաթուղի, որի ռելսերը ծռմռված, պայթած, տեղահան կողքի էին գցված, իսկ այդ թիրախները սնուցող հաստ էլեկտրական կաբելները պոկոտված, գետնի տակից հանած, պատառոտված, փաստորեն շարժվող թիրախների վրա վարժանքները իրականում չկան, Շոյգու-մոյգուներն էլ երեւի գիտեն, թե իրենց զորքը ստեղ փաթթած ունի բոլոր մոջահեդներին …: Ես ոլորտի մասնագետ չեմ, բայց զիբլնոց տեսա վարժարանի փոխարեն` հաստատ: Թե մեր ռազմական փորձագետները չեն եղել այստեղ, թող գան` տանեմ ցույց տամ` ով է մեր դաշնակիցը …
Ես հասկանում եմ ռազմավարությունն ինչ բան է, ռազմավարական դաշնակցությունն ինչ բան է, ես գիտեմ, պատմությունը, երբ ռսի զորքը Ռուսաստանում «վռազ գործ» է ունենում ու թքողը մենք ենք լինում, սա բոլորը գիտեն …, ես չեմ խոսել այս մասին, չեմ էլ վախեցել խոսելուց, ուղղակի մտածել եմ, թե վայթե մեր զորավարներն ու գերագույնը ռուսների հետ ինչ-որ մի լուրջ պաշտպանունակություն են ապահովում, ես էլ տեղյակ չեմ` չխառնվեմ: Մի անգամ կատաղել` օտար զորքի դեմ պիկետ եմ արել, ռեժիմը քիչ էր մնացել ինքն իրեն աբորտ աներ էդ պիկետի պատճառով, մինչեւ հմի թունավոր հղի են մեր` 10 հոգու «Ազատ, անկախ Հայաստան» գոռալուց, տարան մենթովկա 3 ժամ փակեցին, որ հանկարծ հրապարակում նույն բանը չգոռայինք …:
Բայց, եթե իմ էսօրվա տեսածս էր մեր ռազմավարական դաշնակցի պոլիգոնը, վատ ենք, ժողովուրդ, շատ, շատ վատ ենք …: Չունենամ էս տեսակ դաշնակիցը», – գրել է Լևոն Բարսեղյանը:
Վերջում նա նշում է, որ «օրական 2500 դրամի համար, Արթուրի հերը ամեն օր չոբանություն էր անում, որ կնոջն ու 8 զավակներին պահեր 170.000-ական դոլար զուգարանների վրա ծախսող մեր հայրենիքում… հիմա մի ուտող բերան պակասեց»:
«Կարո՞ղ է սա՛ չէ մեր հայրենիքը: Ավել-պակաս կներեք: Էկեք` տանեմ Վայրամաբերդ գյուղ` տեսեք քյորփեքի ողբը: Հ.Գ. Քառորդից կես դրույքով հայրենասերներին խնդրում եմ չծլվլալ, քացու տակ կգցեմ, կգամ ու քացու տակ կգցեմ տերերիդ աչքի առաջ», – եզրափակում է Բարսեղյանը:
Լուսանկարները՝ asparez.am