Home / Տեսանյութեր / Պայթյունից մահացած երեխաների հուղարկավորության համար գումար են խնդրում բարերարներից (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Պայթյունից մահացած երեխաների հուղարկավորության համար գումար են խնդրում բարերարներից (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երեկ Շիրակի մարզի Վահրամաբերդ համայնքում տեղի ունեցած միջադեպով դեռևս որևէ քաղաքական գործիչ, պաշտոնյա չի հետաքրքրվել. ընտանիքներին աջակցություն տրամադրել է միայն համայնքապետարանը՝ 100 հազար դրամի չափով: Արձագանք չկա ինչպես հայկական, այնպես էլ ռուսական կողմից: Այս մասին «Գալա» հեռուստաընկերության թղթակցի հետ զրույցում նշել է Վահրամաբերդի գյուղապետ Աղվան Մարտիրոսյանը:

Հիշեցնենք, երեկ Վահրամաբերդի արոտավայրերում՝ ռուսական զորքերի տանկային հրաձգարանի տարածքում տեղի ունեցած պայթյունից մահացել են Վահրամաբերդի երկու անչափահաս երեխաներ՝ 10-ամյա Արթուր Մկրտչյանը և 15-ամյա Մուշեղ Գևորգյանը:

Գյուղապետը նշել է, թե երկու ընտանիքներն էլ սոցիալապես դժվարին պայմաններում են ապրում, և հուղարկավորության ծախսերը հոգալու համար միջոցներ չկան:

 

«Տարբեր մարդկանց ենք դիմել` ծանոթ-անծանոթներին, բարերար-հովանավորներին, խնդրել ենք օգնեն, որ կարողանանք հոգալ հուղարկավորման ծախսերը, երկու ընտանիքների վիճակն էլ ահավոր է, անչափահաս երեխաներ, իրանք աշխատանք չունեն, հովիվ մարդ է`ինչո՞վ անի էդ ամենը»,- նշել է գյուղապետ Աղվան Մարտիրոսյանը:

Հարցին՝ արդյոք չե՞ն վերլուծել երեկ տեղի ունեցածը և ի՞նչ եզրակացության են հանգել` ով է պատասխան տալու երկու երեխաների մահվան համար, Աղվան Մարտիրոսյանը պատասխանել է.

«Դե չգիտեմ, Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունները պայմանագիր են կնքել, մեր գյուղի արոտավայրերը անհատույց ՝ առանց որևէ վճարի տվել են ռուսական կողմին, մենք ի՞նչ անենք, էդ դաշտերը մեր գյուղի արոտավայրերն են եղել, մարդիկ նորից էդտեղ կտանին անասուններին, ուղղակի էրեխեքն էս անգամ շատ են առաջ գնացել, չէինք մտածում, որ նման բան կլինի»: