ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամլո խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը վստահ է, որ ՌԴ Կոռուպցիայի դեմ պայքարի հասարակական խորհրդի հայտարարությունը, թե Քոչարյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի «հովանավորությամբ» կարճ ժամանակահատվածում կարողացել է միլիոններ կուտակել ՀՀ-ի հաշվին, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին նա ասել է Galatv.am–ի հետ զրույցում՝ չցանկանալով անդրադառնալ այդ տեղեկատվությանը:
«Ես շատ ուրախ եմ նրանց համար: Ինչ անդրադառնամ, եթե այդտեղ կես գրամ ճշմարտություն անգամ չկա», – ասել է Սողոմոնյանը:
ՌԴ Կոռուպցիայի դեմ պայքարի հասարակական խորհրդի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Մարինա Գալյուչենկոն ավելի վաղ Aravot.am-ի հետ զրույցում ասել էր, որ իրենց տրամադրության տակ կան փաստաթղթեր, որոնք վկայում են Հայաստանի նախկին և ներկա բարձրաստիճան պաշտոնյաների յուրացումների ու չարաշահումների մասին:
Նրա խոսքով՝ այդ փաստերը մոտ օրերս ներկայացվելու են ՌԴ բարձրաստիճան այրերին:
«Դա արվելու է բացառապես պաշտոնական եղանակով: Մենք դա չենք թաքցնելու, մանավանդ, որ խոսվում է նաև ՌԴ բարձրաստիճան չինովնիկների մասին, ովքեր «հովանավորել» են Հայաստանից կեղտոտ փողերի դուրս բերման հարցում: ՌԴ-ն հետաքրքրված է այդ բացահայտումների և Հայաստանից գողացած գումարների վերադարձի հարցում, որպեսզի այդ գումարները «աշխատեն» ձեր երկրում՝ բնակչության սոցիալական խնդիրների լուծման համար»,- ասել էր Մարինա Գալյուչենկոն: Փաստաթղթում շրջանառվում էր նաև Ռոբերտ Քոչարյանի անունը: