Ոստիկանները Ազգային ժողովի մոտ ակցիա անցկացնող քաղաքացիներից 15-20 հոգու բերման են ենթարկել, այդ թվում՝ ակտիվսիտներ Արման Ալեքսանյանին, Գևորգ Սաֆակյանին, ռեժիսոր Դավիթ Ստեփանյանին, արվեստագետ Կարեն Օհանյանին:
Ակտիվիստ Կարեն Հարությունյանին և քաղաքագետ Սարո Սարոյանին ոստիկանները տարել են Կենտրոնի բաժին, իսկ մյուսներին՝ Արաբկիրի բաժին:
Սարո Սարոյանը Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ իրենց չեն բացատրել ձերբակալության պատճառը:
«Իշխանությունը լուծում է իր խնդիրը՝ մեկուսանցնել քաղաքացիական ակտիվիստներին այս մի քանի ժամվա ընթացքում»,- ասել է Սարոյանը:
Նրա խոսքով՝ իրենք բռնվել են ԱԺ-ի մուտքի մոտ ճաղերից՝ փորձելով դիմադրել ոսիտկաններին:
Կարեն Հարությունյանից ու Սարո Սարոյանից հետո՝ բերման է ենթարկվել նաև բնապահպան ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը, ով տարվել է Ոստիկանության Էրեբունու բաժին: Ձերբակալվածների մեծ մասը տարվել է Արաբկիրի բաժին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ոստիկանական բաժին են տարվել ակտիվիստներ Եղիա Ներսիսյանը և Վարդգես Պետրոսյանը: Ավելի ուշ նրանց ազատ են արձակել:
Սարո Սարոյանին և Կարեն Հարությունյանին ևս այս պահին տեղափոխում են Արաբկիրի բաժին:
Ակտիվիստների տվյալներով՝ բերման ենթարկվածների թիվը մոտ 50 է: