Home / Հայաստան / «Չեմ ենթարկվելու անիրավ հրամաններին». Հովհաննիսյանը երդվեց տասնյակ հազարավոր մարդկանց առջև (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Չեմ ենթարկվելու անիրավ հրամաններին». Հովհաննիսյանը երդվեց տասնյակ հազարավոր մարդկանց առջև (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ընդդիմության առաջնորդ, ՀՀ նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները վիճարկող Րաֆֆի Հովցհաննսյանն այսօր Ազատության հրապարակում հնչեցրեց Նոր Հայաստանի հռչակման տեքստը՝ հայտարարելով, որ այսօր Հայաստանը գտնվում է ապագայի կերտման ամենակարևոր խաչմերուկում:

«Ես դա մենակ չեմ անելու: Մեր ապագան մեր ձեռքում է», – ասել է Հովհաննիսյանը:

Երդումը հնչեցնելու առաջ ընդդւմության առաջնորդն ասել է, որ սա իր կյանքի վերջին երդումն է, և առաջարկել է այն միասին հնչեցնել:

«Այստեղ չկա Ավետարան, չկա կեզծիք, չկա սուտ, չկան կեղծ քարոզներ, ոչ էլ կեղծ ելույթներ: Կա հայ ժողովուրդը, ով ունի Սահմանադրություն, բարձր պահեք», – դիմելով տասնյակ հազարավոր մարդկանց՝ ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Երդվում եմ, որ ես՝ ՀՀ քաղաքացիս, այսօր լուծարում եմ իմ կապերը ներկա անօրինական իշխանության հետ: Հայտարարում եմ, որ չեմ ճանաչում կեղծ վեհափառներին, չեմ հնազանդվելու սուտ օրենքներին, չեմ ենթարկվելու անիրավ հրամաններին: Ես լիազորված եմ իրավունքով, պաշտպանված եմ Սահմանադրությամբ, և ես չեմ վախենում: Ես չեմ վաճառվում և ես չեմ նահանջում: Մենք՝ Հայաստանի 4-րդ Հանրապետության քաղաքացիներս, երդվում ենք մեր պապերի երազանքով, մեր երեխաների ապագայով, մեր պետության սահմանադրությամբ, որ մենք պայքարելու ենք, պայքարելու ենք ամենուր՝ սիրով, հավատքով, և չենք հիասթափվելու, հույս ենք տալու իրար, ուժ ենք տալու իրար, և մենք հաղթելու ենք: Մենք՝ Նոր Հայաստանի հպարտ քաղաքացիներս, սուրբ Արարատի շուքի ներքո, կառուցելու ենք մեր իսկական հայրենիքը, որտեղից չեն փախչում մեր եղբայրներն ու քույրերը, որտեղ վերադառնում են բոլոր հայերն ու բոլոր հայաստանցիները, որտեղ կա իրավունք, կա ապագա, երջանիկ ժողովուրդ: Այդ օրը հեռու չէ, այդ օրը այսօր է», – հայտարարել է Րաֆֆի Հովհաննիսյանը, որից հետո հավաքվածները սկսել են վանկարկել «Րաֆֆի, նախագահ», «Հիմա հիմա»:

Րաֆֆի Հովհաննիսյանը այնուհետև ասել է, որ թեև ոմանք ասում են, որ չարժե, սակայն «պիտի երգուպար անենք մի քիչ»:

«Սա մեր տոնախմբությունն է, որովհետև հաղթանակն այսօր է: Ով երեխա ունի, կարող եք տուն տանել, հաց տալ: Ժ.18.00-ին, ով չի գնալու համակարգչի առջև սերիալ նայելու, պիտի լինի այստեղ: Պատմությունը պիտի այստեղ կերտենք», – կրկին ասել է Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ այլևս չկա «Ժառանգություն», ՀՅԴ, ՀԱԿ, «Բարգավաճ Հայաստան», «Սարդարապատ»:

«Գրողը տանի, այսօր մենք ունենք մեկ պետություն՝ Հայաստան: Պատրա՞ստ եք մեր վճռական մարտին, սիրո, սահմանադրության մարտին, հայրենիքի մարտին, երգուպարից հետո ժ.18.00-ին եկեք Ազատության հրապարակ, միասին տանելու ենք մեր պայքարը դեպի հաղթանակ: Եթե պարոն Սարգսյանը սուտ երդում է կատարել, ես չեմ ճանաչում ոչ Սերժ Սարգսյանին, ոչ Վեհափառ Հայրեպետին, ես ճանաչում եմ հայ ժողովրդին, Հայաստանի քաղաքացուն», – ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը: