Ակտիվիստներ Եղիա Ներսիսյանին և Վարդգես Պետրոսյանին տարվել են Ոստիկանության Էրեբունու բաժին՝ վարչական իրավախախտման մասին արձանագրություն կազմելու նպատակով: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը: Մեր հարցին, թե ինչ իրավախախտում են կատարել երկու քաղաքացիները՝ Մալխասյանն առաջարկել է նայել վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենքի 182 հոդվածը: Հոդվածը սահմանում է նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչև հիսնապատիկի չափով տուգանք՝ ոստիկանության ծառայողի կամ զինծառայողի օրինական կարգադրությանը կամ պահանջին չարամտորեն չենթարկվելու համար:
Նշենք, որ դեպքի մասին հայտարարություն է տարածել «Նախախորհրդարան» նախաձեռնությունը: Հայտարարության մեջ ասված, որ Եղիա Ներսիսյանի և Վարդգես Պետրոսյանի ձերբակալությունը ապօրինի է:
«Նրանք, իրացնելով ազատ տեղաշարժի իրենց Սահմանադրական իրավունքը, փորձել են Մաշտոցի պողոտայից քայլել դեպի Բաղրամյան պողոտա»,- նշում է «Նախախորհրդարան»-ը:
Բաժին տարված ակտիվիստների ազատ արձակման պահանջով ակտիվիստների մի խումբ եկել է Ազգային ժողովի շենքի մոտ: Ակտիվիստների հարցերին պատասխանել է Երևանի ոստիկանապետ Ներսես Նազարյանը: Նա առաջարկել է «իրավախախտումը ցույց տվող կադրերը» դիտել երեկոյան՝ հեռուստատեսությամբ:
«Ոստիկանությունը ցույց կտա ակտիվիստների իրավախախտումը ցույց տվող կադրերը, ինչպես նաև հոլովակ, թե ինչպես է «Ժառանգության» անդամ Արմեն Մարտիրոսյանը ապտակում ոստիկանին», – ասել է Նազարյանը: