Ապրիլի 8-ին ՀՀ Ոստիկանությունը տարածել է մի հայտարարություն, որում իրեն թույլ է տվել իր լիազորությունները գերազանցող գնահատականներ, ապաև, հենվելով իր իսկ անհեթեթ գուշակությունների և կռահումների վրա, նաև զրպարտչական բնույթի որակումներ տվել իմ գործողություններին, այսօր տարածած հայտարարության մեջ նշում է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, ՀՀ նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները վիճարկող Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նշենք, որ ոստիկանությունը, մասնավորապես, հայտարարել էր, որ «Նախագահի նախկին թեկնածու Ր. Հովհաննիսյանի կազմակերպած հավաքներում գնալով ուժգնանում է հակաիրավական, այդ թվում՝ ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված գործողությունների դիմելու միտումը, այդ թվում՝ ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված գործողությունների դիմելու միտումը, որի կենսագործման պայմաններում հավաքների խաղաղ բնույթը` կախված իրավիճակի զարգացումից, կդառնա մասամբ կամ ամբողջովին բովանդակազուրկ»:
«Եթե [ապրիլի 9-ի] հավաքի կազմակերպիչը կամ առանձին մասնակիցներ՝ «այլընտրանքային եղանակով իբրև թե ստանձնելով Հանրապետության Նախագահի լիազորությունները» փորձելու են կոնկրետ գործողություններով ձեռնամուխ լինել ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածով Հանրապետության Նախագահին վերապահված լիազորություններ ու դրանից բխող այլ գործողություններ իրականացնելուն, ապա նման հանրորեն վտանգավոր արարքներ կատարողներին ՀՀ ոստիկանությունը հեռացնելու է հավաքի վայրից, իսկ եթե դա անհնարին լինի հավաքի մասնակիցների մեծ մասի կողմից նման գործողություններին միանալու կամ դրանց հավանություն տալու դեպքում, ապա ոստիկանությունը, համաձայն «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի, պետք է դադարեցնի հավաքը, քանի որ այլ կերպ չի կարող արգելափակել հանրության շահերի անհամաչափ սահմանափակումը», – նշել է ոստիկանությունը:
Ի պատասխան ոստիկանության հայտարարությանը՝ Հովհաննիսյանը դիմել է «իր պաշտոնական պարտականությունները վերջին օրը կատարող Սերժ Սարգսյանին», ինչպես նաև նրան ենթակա իրավապահ մարմինների ղեկավարներ Վլադիմիր Գասպարյանին, Գորիկ Հակոբյանին և այլ պաշտոնյաների:
«Հայտնում եմ, որ այսօր կեսօրից դուք այլևս դադարում եք ներկայացնել Հայաստանի Հանրապետությունը և հայ ժողովրդին: Ես ձեր տարածած հակասահմանադրական հայտարարության հետքերով պահանջում եմ ձեր հրաժարականը: Այլապես, եթե իմ կազմակերպած հավաքները, ինչպես դուք եք ասում, «հակաիրավական, այդ թվում՝ ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված գործողությունների դիմելու միտում» են պարունակում, իսկ դրանց խաղաղ բնույթը` «կախված իրավիճակի զարգացումից, կդառնա մասամբ կամ ամբողջովին բովանդակազուրկ», ապա հենց այսօր կեսօրին եկեք Ազատության հրապարակ և ձերբակալեք ինձ: Այնտեղ ես իսկապես պատրաստվում եմ ստանձնել հայ ժողովրդի կողմից փետրվարի 18-ին ինձ վստահված պարտականությունները:
Թող հստակ լինի հայ ժողովրդին աշխարհով մեկ՝ Հայաստան, Արցախ և Սփյուռք, որ սա ոչ թե Րաֆֆիի հաղթանակն է և ոչ էլ Սերժի պարտությունը, այլ համայն հայ ժողովրդի հարությունը, վերածնունդը ազգի, վերելքը պետության:
Թող հստակ լինի նաև ձեզ. Հայրենիքը հավերժ է, եռագույնը՝ սուրբ, իսկ դուք, ընկերներ, ինձ հետ մեկտեղ ոչինչ եք մեր հայրենիքի, մեր սերունդների և մեր ժողովրդի իշխանության դիմաց: Բարով մնանք», – հայտարարել է Րաֆֆի Հովհաննիսյանը: