ՀՀ ԱԺ նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանի համար երեկվա «երդմնակալության» հոգևոր-սիմվոլիկ տարրերը երրորդական-չորրորդական նշանակություն ունեին: Այս մասին Ռուբինյանը գրել է Facebook սոցիալական ցանցի իր էջում՝ անդրադառնալով երեկ Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի կազմակերպած Նոր Հայաստանի երդման արարողությանը և հետագա զարգացումներին:
«Եթե վճռականություն կար, փակելով հետընտրական զարգացումների էջը, շարունակելու արդյունավետ քաղաքացիական պայքարը ռեժիմի դեմ, ապա, ըստ իս, անխուսափելիորեն, պետք էր ձևավորել պայքարն առաջնորդող և տարբեր ուժերի համախմբումն ապահովող կոլեգիալ մարմին, ժողովրդին ներկայացվեր հետագա գործողությունների հստակ ծրագիր: Կոչ նետվեր ակտիվիստներին՝ տարածքային (մարզ, համայնք, թաղ, փողոց, շենք), մասնագիտական և այլ ցուցիչներով միավորվել և ստեղծել համանման մարմինների (կոմիտեների) ցանց և, ի վերջո, օրվա ողջ արարողակարգը ծառայեցվեր պայքարի հայտարարված նոր փուլի հաջող մեկնարկն ապահովելուն: Երևանի Ավագանու ընտրություններին մասնակցությունն էլ կիմասավորվեր միայն այն դեպքում, եթե քարոզարշավը ծառայեցվեր Երևանում վերը նշածս տարածքային մարմինների ցանցը ստեղծելու գործին ու նախապատրաստվեին քաղաքացիական անհնազանդության զանգվածային գործողություններ», – գրել է Ռուբինյանը:
Նա նշում է, որ տվյալ առաջարկները գրավոր կամ բանավոր արել է՝ թե՛ օրեր առաջ, թե՛ երեկվա «միջոցառումների» նախօրեին:
«Ցավոք, երեկ՝ հետագա զարգացումների հետ կապված ամենավատ սպասումերս գերազանցվեցին», – եզրափակում է քաղաքական գործիչը: