Քաղաքացիական ակտիվիստներ Եղիա Ներսիսյանը, Տաթևիկ Մայիլյանը, Գևորգ Սաֆարյանն ու Աննա Դավթյանը նշում են, որ ապրիլի 9-ին իրենց դեմ ուժ է կիրառվել ոստիկանների կողմից, եղել է անմարդկային վերաբերմունք: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Գևորգ Սաֆարյանը նշել է, որ ոստիկաններն իրենց սադրիչ գործողությունները սկսել էին առավոտյան ժամը 9-ից, երբ մի խումբ դասադուլավոր երիտասարդներ հավաքվել էին ԵՊՀ կենտրոնական շենքի դիմաց:
«Երբ Րաֆֆին հարթակից խոսեց և ասաց` գնացեք, ժամը 6-ին վերադարձեք, դրանից հետո մենք որոշեցինք ընդհամենը 30 երիտասարդով քայլել Բաղրամյան: Շրջափակեցին` ասելով, որ դուք ցուցարարներ եք ու չեք կարող բարձրանալ», – ոստիկանների հետ վիճաբանության պատճառը ներկայացրել է Տաթևիկ Մայիլյանը:
Ակտիվիստները նշել են, որ մոտ 30 երիտասարդի դեմ մի քանի հարյուր ոստիկան էր կանգնած:
«Բաղրամյան 26 սիմվոլ ա, մեր պետականության սիմվոլն ա, որը վերածվել ա քրեաօլիգարխիկ համակարգի, վախի սիմվոլի: Իսկ մենք գնում էինք այդ քրեաօլիգարխիկ սիմվոլի «պապային» մեր` կեղծիքին չհնազանդվելու մասին տեղեկացնելու», – Բաղրամյան 26 գնալու նպատակը մեկնաբանել է Գևորգ Սաֆարյանը:
Երիտասարդները նշել են, որ իրենց թույլ չեն տվել բարձրանալ դեպի նախագահական նստավայր, սկսվել են ձեռբակալությունները:
«Ոստիկանության կողմից հայհոյանքներ, սադրանքներ, ոստիկանությունը ցույց տվեց իր լպիրշության աստիճանը: Ոստիկանները մաքրում էին իրենց կոշիկները ակտիվիստի շալվարի վրա, ով նստել էր Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկին՝ դրսևորելով անհնազանդություն», – ասել է Տաթևիկ Մայիլյանը:
Ոստիկաններն ակտիվիստներին միայն ասել են, որ վերջիններս չեն կատարում իրենց օրինական պահանջները, իսկ երբ ակտիվիստներից մեկը հարցրել է, թե ինչ օրինական պահանջի մասին է խոսքը, որը ինքը չի կատարել, պատասխան չի հնչել:
«Ասացին՝ բերման չենք ենթարկել, վարչական կալանքի տակ ենք վերցրել: Երիտասարդների նկատմամբ սահմանվել է տույժ՝ 50.000 ՀՀ դրամի չափով», – ասել է Եղիա Ներսիսյանը: