Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը 2012 թվականի զեկույցը վախվորած է, և ընթերցողի ուշադրությունից է կախված, թե դա ինչքանով է արտացոլում մարդու իրավունքների իրական վիճակը երկրում: Այս մասին այսօր Ազգային ժողովում օմբուդսմենի զեկույցի քննարկման ժամանակ հայտարարել է ԱԺ ՀԱԿ խմբակցության ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը:
Վերջինս դրական է գնահատել այն փաստը, որ Կարեն Անդրեասյանը զեկույցում արձանագրել է, թե որոշ պաշտոնյաներ զբաղվում են ձեռնարկատիրությամբ, այնուամենայնիվ, Փաշինյանն ընդգծել է, որ օմբուդսմենը խուսափել է որևէ պաշտոնյանյի անուն տալուց:
«Դուք չգիտե՞ք Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի անունը, ով միլիոնատեր է և չկա տնտեսության այնպիսի ոլորտ, որտեղ ինքը չգործի», – Անդրեասյանին հարցել է Նիկոլ Փաշինյանը:
Պատգամավորը նշել է, որ նույն Խաչատրյանի ունեցվածքի մասին նույնպիսի լեգենդներ են շրջում, ինչպիսին պարսկական շահի մասին:
Ըստ Փաշինյանի՝ խնդիրն այն է, որ մաքսային չինովնիկը միլիոնատեր է դարձել Սերժ Սարգսյանի օրոք, ով հայտարարում է, որ բիզնեսն ու քաղաքականությունը տարանջատված են:
ՀԱԿ խմբակցության պատգամավորի խոսքով՝ զեկույցի քննարկման ժամանակ անդրադարձ է եղել քաղաքական իրավունքի մասին կետերին և օմբուդսմենին պատգամավորները մանր հարցեր են տվել, սակայն ոչ ոք չի արձագանքել ՄԻՊ այն դիտարկմանը, թե խորհրդականական ընտրությունների ժամանակ ընտրակաշառքներ են բաժանվել:
Փաշինյանն ասել է, որ լռությունը համաձայնության նշան է, թեև փաստորեն ասվել է, որ դահլիճում նստածները, գուցե, ընտրված չեն: Պատգամավորը նշել է, որ Ազգային ժողովում ավանդույթ կա պատգամավորներ նշանակելու, և նման ոչ պաշտոնական քվոտաներ ունեն, օրինակ, գլխավոր դատախազը, ոստիկանապետը:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը կոչ է արել նման հայտարարություններ չանել, քանի որ «այստեղ բոլորն էլ ընտրվում են»:
Փաշինյանն իր խոսքում նաև նշել է, որ Հայաստանում մարդու իրավունքները մշտապես ոտնահարվում են, մարդն այս երկրում պետք է լինի նսեմացած, իսկ Սերժ Սարգսյանը չի իրականացնի աղքատության դեմ պայքարելու իր խոստումները, որովհետև «մարդը Հայաստանում պետք է 5000 դրամ վերցնի ընտրություններին մասնակցելու համար»:
«Սերժ Սարգսյանը նաև չի կարող պայքարել արտագաղթի դեմ, որովհետև քաղաքացին պետք է երկրում չլինի, որ նրա փոխարեն ընտրեն», – ասել է Փաշինյանը:
Նշենք, որ Կարեն Անդրեասյանը ելույթներին կանդրադառնա քննարկումների վերջում: