ՀՀ ագրարային համալսարանի ագրոնոմիական ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողներն աշխատում են Սերժ Սարգսյանի եղբոր ծիրանի այգում, որը 40 հեկտար է, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը՝ հղում կատարելով իր աղբյուրներին:
Թերթը նշում է, որ բուհից տեղեկությունները հաստատել են մասամբ: Ասել են, որ ուսանողները Քանաքեռավանում աշխատում են արտադրական պրակտիկայի շրջանակներում, իսկ լուրը, որ այգին պատկանում է Սարգսյան եղբայրներից մեկին, ոչ հերքել են, ոչ էլ հաստատել:
Որոշ տեղեկությունների համաձայն այգին պատկանում է գործարար Սաշիկ Սարգսյանին, թերթի մյուս աղբյուրը նշում է, որ Կոտայքի մարզի Քանաքեռավան համայնքում գտնվող այգին ԵՊՀ դասախոս Լևոն Սարգսյանինն է:
«Այգում ուսանողները ծառերն են էտում, իրականացնում են ստիպակեցման աշխատանքներ: Երիտասարդներից ոմանց համար նշանակություն չունի, թե այգին ումն է, կարևորը աշխատում են և փորձ ձեռք բերում: Ոմանք էլ համարում են, որ այգին պատահական չի ընտրված և իրենց պրակտիկայի ժամերը բուհը փորձում է ծառայեցնել Սարգսյանների շահերին», – գրում է թերթը:
Ագրոնոմիական ֆակուլտետի դեկան Գագիկ Սանթրոսյանը «ՀԺ»-ի թղթակցի հետ զրույցում բացատրել է, որ բուհի համասր մեծ հաջողություն է, երբ ուսանողներին թույլ են տալիս այս կամ այն այգում աշխատել, և դրա համար պետք է շնորհակալ լինել, որովհետև ուսանողներն անփորձ են և հաճախ կարող են ակամա վնաս հասցնել այգուն:
Դեկանը նշել է, որ իրեն չի հետաքրքրում, թե ումն է այգին:
«Ուրեմն երբ որ ուսանողին տանում եմ և ձեռք եմ բերում պայմանավորվածություն մարդկանց հետ, պահակը կլինի, այգու տերը, թե տնօրինողը, ինձ հետաքրքրում է միայն՝ թույլ տան, որ իմ ուսանողը մտնի այնտեղ, ինչ-որ մի բան տեսնի, ինչ-որ մի աշխատանք կատարի», – ասել է Սանթրոսյանը:
Թերթը նաև կապվել է Քանաքեռավան համայնքի ղեկավար Ջիվան Քամալյանի հետ, ով պնդել է, որ Սաշիկ և Լևոն Սարգսյաններն իրենց համայնքում հող չունեն: Նա նաև ասել է, որ տեղեկություններ չունի, թե արդյոք այդ հողերն այլ մարդկանց անուններով են գրանցված, բայց պատկանում են Սերժ Սարգսյանի եղբայրներից մեկին:
«ՀԺ»-ն հավելում է, որ, իր աղբյուրի համաձայն, նախորդ տարի նույն ֆակուլտետի առավել փոքր թվով ուսանողներ աշխատել են Լևոն Սարգսյանի Արզականում և Բյուրականում գտնվող ամառանոցներում: