Ապրիլի 10-ին և 11-ին հայտնի դարձան Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ փուլի մասնակիցները:
Կիսաեզրափակիչում ներկայացված են միմիյան իսպանական և գերմանական թիմերը, ովքեր ամբողջ մրցաշրջանի ընթացքում բարձր կարգի ֆուտբոլ էին ցուցադրում:
Մադրիդի «Ռեալն» ապրիլի 10-ին 2:3 հաշվով Ստամբուլում պարտվեց թուրքական «Գալաթասարային», բայց նվաճեց ուղեգիրը, քանի որ առաջին խաղում հաղթել էր 3:0:
Թուրքիայում մադրիդցիներն առաջ անցան հաշվի մեջ արդեն 7-րդ րոպեին Կրիշտիանու Ռոնալդուի ջանքերով, և ամբողջ առաջին խաղակեսն առավելությամբ անցկացրեցին: Երկրորդ կեսի մեկնարկում հյուրերն իրենց նույնպես վստահ էին զգում, սակայն այդ վստահությունը վերաճեց ինքնավստահության, և «Ռեալը» ձեռքից բաց թողեց խաղի ղեկը: «Գալաթասարայը» երեք գեղեցիկ գոլ հեղինակեց՝ Էմանուել Էբուեի, Ուեսլի Սանեյդերի և Դիդյե Դրոգբայի կատարմամբ, սակայն ավելին անել չհաջողվեց, իսկ հանդիպման վերջին վայրկյաններին իր երկրորդ գնդակը խփեց Ռոնալդուն:
Դորտմունդի «Բորուսիայի» և «Մալագայի» պայքարն էլ ավելի դրամատիկ ստացվեց: Իսպանացիները երկու անգամ առաջ անցան հաշվի մեջ, իսկ քանի որ առաջին հանդիպումն ավարտվել էր 0:0, նրանք կարող էին բավարարվել անգամ 2:2 ոչ-ոքիով:
Բայց դորտմունդցիներն իսկական բնավորություն դրսևորեցին արդեն ավելացված ժամանակում երկու գնդակ խփելով ու կորզելով հաղթանակը:
Ապրիլի 11-ին կայացած երկու հանդիպումներից առավելապես պայքար էր սպասվում «Յուվանթուս»-«Բավարիա» խաղում: Մասնագետների կարծիքով «Բարսելոնան» անգամ առանց Մեսսիի պետք է սեփական հարկի տակ պարտության մատներ ֆրանսիական ՊՍԺ-ին: Սակայն ստացվեց ճիշտ հակառակը. «Բավարիան» հանգիստ հաղթեց «Յուվեին»՝ 2:0 հաշվով, իսկ ֆրանսիական ակումբն իսկական կռիվ տվեց «Կամպ Նոու» ստադիոնում: Առաջին խաղակեսում ֆրանսիացիները, ովքեր գործում էին հակագրոհների վրա, մի շարք վտանգավոր պահեր ստեղծեցին Վիկտոր Վալդեսի դարպասի մոտ: «Բարսայի» պաշտպանության սխալները ուղղում էր դարպասապահը, բայց և նա չկարողացավ օգնել իր թիմին, երբ երկրորդ կեսում Զլատան Իբրահիմովիչը հարվածի դուրս բերեց Խավիեր Պաստորեին, իսկ վերջինս անվրեպ իրացրեց պահը:
Կատալոնացիների մարզիչը՝ Տիտո Վիլանովան, ստիպված էր խաղադաշտ դուրս բերել Լեո Մեսսիին, ով վերջնականապես չէր ապաքինվել անցյալ շաբաթ Փարիզում ստացած վնասվածքից: Սակայն Մեսսին կարողացավ իր հետքը թողնել. նա մասնակցեց գոլային գրոհին, որն ավարտեց Պեդրոն: 1:1 հաշիվը կիսեազրափակիչ դուրս բերեց «Բարսային», թեև հարկ է նշել, որ կատալոնյան ակումբի խաղի որակը երեկ գոհացուցիչ չէր:
Կիսաեզրափակիչ փուլի վիճակահանությունը կկայանա վաղը: