Սերժ Սարգսյանի հիմնասյուներից մեկը՝ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ապրիլի 9-ին չի գնացել Սարգսյանի կազմակերպած կեղծ միջոցառումների ընթացակարգին և եղել է ժողովրդի հետ: Այս փաստն արձանագրել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, երբ նրան ԱԺ-ում լրագրողները խնդրել են մեկնաբանել՝ ինչու է Րաֆֆի Հովհաննիսյանը, չընդունելով Սերժ Սարգսյանի կեղծ երդումը, աղոթել ոստիկանապետի հետ:
«Վլադմիր Գասպարյանի հետ մենք ներկա չենք գտնվել Սերժ Սարգսյանի կեղծ երդումին։ Նա էր եկել, միացել ժողովրդին ու աղոթել: Նրա հետ նաև շուրջ 8000 ոստիկաններ մասնակցեցին Նոր Հայաստանի ծնունդին: Հասկանում եմ՝ որոշ մարդկանց համար անդուր էր, սակայն նա ինքն է եկել, կանգնել մեր կողքին, ոչ թե մենք էին կանչել»,-ասել է Փոստանջյանը:
Հարցին, թե երբ է Րաֆֆի Հովհաննիսյանը պահանջելու Սերժ Սարգսյանի հրաժարականը՝ Փոստանջյանն ասել է, որ իրենց համար Սերժ Սարգսյանը սուտ երդումով իր անուղղակի մահկանացուն կնքել է, և նրա հրաժարականը չեն պահանջելու:
Լրագրողը պատգամավորից հետաքրքրվել է՝ հնարավո՞ր է արդյոք, որ Րաֆֆի Հովհաննիսյանի մոտ այսօրվա հանրահավաքից հետո ցանկություն առաջանա երթով գնալ Եռաբլուր և այնտեղ էլ աղոթել ոստիկանապետի հետ, ինչին Փոստանջյանը հորդորել է չհեգնել: Նրա խոսքով՝ հարցը կոռեկտ չէ, իսկ օրհներգը երգում և աղոթք ասում է հայաստանցիների մեծ մասը:
Փոստանջյանը չի մեկնաբանել շարժման հետագա քայլերը և Րաֆֆի Հովհաննիսյանի՝ Մոսկվա կատարած այցը: Նրա խոսքով՝ բոլորի հարցերին կպատասխանի Րաֆֆի Հովհաննիսյանը՝ այսօրվա հանրահավաքին:
Լուսանկարը՝ 168.am