Պետք չէ ասել, թե ապրիլի 9-ին տեղի է ունեցել երկու նախագահների երդմնակալություն. եղել է մեկ երդմնակալություն, որի մասին ՀՅԴ-ն հայտարարություն է տարածել, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանի կազմակերպածը քաղաքացիների համընդհանուր երդմնակալություն էր: Այդ մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը:
Նրա խոսքով՝ ապրիլի 9-ին տեղի ունեցավ այն, ինչի մասին ՀՅԴ-ն զգուշացնում էր:
«Մենք ասել ենք, որ «ամեն ինչ և հիմա» տրամաբանությամբ առաջնորդվելը սխալ է: Դա հիասթափություն է առաջացնում և մաշում է շարժումը: Ապրիլի 9-ին առաջացավ երեք տիպի զանգված. մի մասը ուզում էր գնալ Բաղրամյան 26, երկրորդը հետևում էր Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքին, երրորդը չգիտեր՝ ինչ անել»,- վերլուծելով ապրիլի 9-ին կատարվածը՝ ասել է Արմեն Ռուստամյանը:
Այնուամենայնիվ, նրա խոսքով, պետք չէ հիասթափվել: Շարժումը կարող է շարունակվել, ուղղակի պետք է ավելի հստակ պահանջներ սահմանել և ճնշում գործադրել իշխանության վրա, կարծում է ՀՅԴ-ական պատգամավորը: