«Հայ ազգային կոնգրես» կուսակցության ստեղծումն ընդամենը արձանագրումն է ընդդամադիր շարժման 5 տարվա պայքարի: Այս մասին այսօր ՀԱԿ կուսակցության համագումարին հայտարարել է ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ դաշինքի ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը:
Նա ցանկանություն է հայտնել, որ նորաստեղծ կուսակցությունը «Հայ Ազային Կոնգրես» դաշինքի արժանի շարունակողը լինի:
Իր ելությում Տեր-Պետրոսյանը դրվատանքի խոսքեր է ասել ՀԱԿ դաշինքի մասին:
«ՀԱԿ-ը Հայաստանի պատմության ընթացքում եղած բացառիկ միություն էր, որը կազմված էր 18 կուսակցություններից: Անկախ այն բանից, թե դրանցից ոմանք հետագայում ինչ վարք դրսևորեցին, դա չի նսեմացնում իրենց կատարած գործը: 5 տարի շարունակ ՀԱԿ-ը եղել է կուռ մարմին, ոչ ոք գլուխ չի պահել, ոչ մի կուսակցություն իր անձնական, կուսակցական շահերը առաջ չի տարել», – ասել է Լևոն Տեր-Պետրոսյանը՝ նշելով, որ հենց ՀԱԿ դաշինքի էներգետիկան է հիմա փոխանցվում «Հայ ազգային կոնգրես» կուսակցությանը:
Անդրադառնալով ՀԱԿ դաշինքի այլ կուսակցություններին՝ նա բոլորին բարի ճանապարհ է մաղթել, ասել է, որ ոչ մեկի հետ խնդիր չունի, և այդ խոսքերը լոկ դիվանագիտություն չեն:
ՀԱԿ կուսակցության ծրագրի մասին խոսելով՝ Լևոն Տեր-Պետրոսյանը նշել է, որ շեշտը դրվել է ծրագրի փիլիսոփայության վրա, անձամբ ինքը ակտիվորեն մասնակցել է ծրագիրը կազմելու գործընթացին, իսկ հիմնական խնդիրը շարունակում է մնալ նույնը՝ ազատվել ավազակապետությունից և Հայաստանում վերականգնել սահմանադրական կարգը: Նա նշել է, որ կուսակցությունը հանգել է սոցիալ-լիբերալիզմի գաղափարախոսությանը:
Տեր-Պետրոսյանը նաև 1 նախադասությամբ ներկայացրել է կուսակցության ծրագիրը, այն է՝ Սահմանադրությամբ սահմանված ժողովրդի կամքի իրագործումը:
Ըստ ՀՀ առաջին նախագահի՝ որոշ մարդիկ բարդույթ ունեն և վախենում են այդ բառերից, սակայն ինքը կրկնում է, որ Հայաստանում հնարավոր է իրականացնել միայն բուրժուա-դեմոկրատական հեղափոխություն:
Տեր-Պետրոսյանի խոսքով՝ մարդկանց վախը պայմանավորված է խորհրդային իներցիայով: ՀՀ առաջին նախագահը նշել է, որ նույնիսկ Մարքսը և Լենինը ողջունել են բուրժուա-դեմոկրատական հեղափոխությունները՝ նշելով, որ դրանից հետո պետք է լինի կապիտալիզմի շրջան, և միայն այդ շրջանի սպառումից հետո հնարավոր է իրական սոցիալիզմ:
«Մի կարծեք, թե ֆրանսիացի բուրժուաներն ավելի կրթված էին, քան մեր այսօրվա օլիգարխները, ուղղակի նրանք հասկացան, որ նման կերպ չի կարող շարունակվել, իսկ մեզ որոշ մարդիկ սվիններով դիմավորեցին, ասացին՝ ինչպե՞ս կարող եք ԲՀԿ-ի հետ համագործակցել: Ուրիշ ճանապարհ չկար: Ի՞նչ վատ կլիներ, որ ԲՀԿ-ին պոկեինք իշխանական բուրգից», – նշել է Տեր-Պետրոսյանը:
Նա կարծիք է հայտնել, որ այդ գործընթացի ինչ-որ բանի ժամանակ իրենք հասել են՝ կասկածներ հարուցելով ԲՀԿ-ի մոտ:
ՀՀ առաջին նախագահը խորհուրդ է տվել հիշել, թե ով էր 2008 թվականին Խաչատուր Սուքիասյանը, որը, լինելով օլիգարխ, միացել էր համաժողովրդական շարժմանը: Տեր-Պետրոսյանն ասել է, որ այդ քայլի համար իշխանությունները պարզապես սննակացրին այդ մարդուն, քանի որ իշխանություններն այդ վտանգն ավելի լավ են հասկանում, քան, այսպես կոչված, քաղաքական գործիչները:
Ըստ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը գնում է Խաչատուր Սուքիասյանի ճանապարհով:
«Չեմ ասում պայքարում է, նպաստում է չարիքի դեմ պայքարին: Ինչպե՞ս կարելի վանել նրան», – ասել է Տեր-Պետրոսյանը՝ հավելելով, որ վանողները փոփոխություն չեն ցանկանում:
Տեր-Պետրոսյանը նշել է, որ, քանի որ Գագիկ Ծառուկյանը հազար ու մի բիզնես ունի, հազար ու մի օղակներով կապված է իշխանության հետ, նա միանգամից նրանց հետ չի կարող խզել կապերը:
Սակայն, ըստ նրա, պետք է գնահատել այն, որ ԲՀԿ-ն չի մասնակցել ընտրություններին, դուրս է եկել կոալիցիայից, Գագիկ Ծառուկյանը Սերժ Սարգսյանի երդման արարողությանը չի մասնակցել, և այժմ էլ պատրաստ է պայքարել Երևանի ընտրություններում:
Ելույթ ունեցողը նշել է, որ Սերժ Սարգսյանը շատ հիշաչար մարդ է, և չի ներելու Գագիկ Ծառուկյանին վերջինիս անկախ քայլերի համար: Տեր-Պետրոսյանի խոսքով՝ Սերժ Սարգսյանը չի ներելու նաև Րաֆֆի Հովհաննիսյանին՝ նրա կողմից ստացած պաշտոնական 37 տոկոսի համար, ինչը հարյուր տարի էլ անցնի՝ փաստ է մնալու:
Լևոն Տեր-Պետրոսյանը կանխատեսել է, որ իշխանությունները Երևանի ավագանու ընտրություններում աշխատելու են ամեն ինչ անել, որպեսզի Հովհաննիսյանի դաշինքը քիչ ձայն ստանա, և տպավորություն ստեղծվի, որ ինքը ձայներ չունի:
«Սա տոտալիտար իշխանություն է, որևէ վակուում թույլ չի տալիս, ձեռքը ճար լինի՝ մի գյուղապետի էլ թույլ չի տա լինի այլ կուսակցությունից: Դա դիտում է որպես մեծագույն պարտություն», – ասել է Տեր-Պետրոսյանը:
Նրա խոսքով՝ նման իշխանությունների համար Երևանում պարտությունը հատկապես լուրջ հարված կլինի:
ՀԱԿ-ը հավակնություն չունի իր քաղաքապետն ունենալ, կուսակցության խնդիրը ընդդիմադիր քաղաքապետն է Երևանում, հավելել է Տեր-Պետրոսյանը: