ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության համագումարի ժամանակ պարզաբանել է, թե ինչու ՀԱԿ-ը չի միացել 2013թ. նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները վիճարկող Րաֆֆի Հովհաննիսյանի շարժմանը:
«Միանայի, որ ի՞նչ անեի: Միանայի, որ գնայի Վովա Գասպարյանի հետ աղոթելո՞ւ: Դա իմ մանկության երազանքը չի եղել», – ասել է Տեր-Պետրոսյանը, ապա ավելի լուրջ պարզաբանում է տվել մի քանի կետով:
Ըստ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ ՀԱԿ-ը միակ քաղաքական ուժն է եղել, որը պաշտոնապես հայտարարել է, որ Րաֆֆի Հոհաննիսյանը հաղթել է նախագահական ընտրություններում, և դա լուրջ քաղաքական աջակցություն է:
Բացի այդ, առաջին նախագահի խոսքով, ՀԱԿ-ի ակտիվիստների մեծ մասը եղել է Ազատության հրապարակում:
«Հրապարակի կեսը եղել են ՀԱԿ-ի համակիրները», – ասել է նա:
Չմիանալու ևս մեկ պատճառը այն էր, որ Տեր-Պետրոսյանի խոսքով, հրապարակում քաղաքական գործընթաց չի եղել՝ «եղել է ամեն ինչ, բացի քաղաքական պրոցեսներից»:
«Մենք քաղաքական կուսակցություն ենք և միանում ենք բացառապես քաղաքական պրոցեսներին», – ասել է Լևոն Տեր-Պետրոսյանը:
Այդուհանդերձ, նա նշել է, որ որևէ բացասական բան Րաֆֆի Հովհաննիսյանի մասին չի ասելու, քանի որ, երբ մեկը բարիկադների վրա է, նրան չի կարելի քննադատել: