ՀՀ ԱԳ նախարարությունն արձագանքել է Washington Post թերթի հրապարակմանը, համաձայն որի Հայաստանը 12 այլ երկրների շարքում զենք է մատակարարել Լիբիային Մուամար Քադաֆիի կենդանության օրոք՝ խախտելով ՄԱԿ-ի էմաբրգոն:
Պատասխանելով «Արմենպրես» գործակալության խնդրանքին մեկնաբանել տեղեկատվությունը, ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը հայտարարել է.
«Լիբիային նվիրված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1973 բանաձևի համաձայն ստեղծված փորձագետների խմբի փետրվարի 15-ի զեկույցում չկա նման ձևակերպում, թե իբրև Հայաստանից զենք է մատակարարվել Լիբիա և ընդհանրապես որևիցե մեղադրանք Հայաստանի նկատմամբ բացակայում է։
Զեկույցում, որը հասանելի է ՄԱԿ-ի կայքէջում, նշված են Լիբիա ռազմական նշանակության ապրանքների տեղափոխման հետ առնչություն ունեցող, տարբեր` այդ թվում նաև ՆԱՏՕ-ի անդամ երկրներում գրանցված մի շարք մասնավոր ընկերություններ: Այդ շարքում հիշատակվում են նաև հայաստանյան գրանցում ունեցող երկու ընկերություն:
Հայաստանն՝ ի պատասխան փորձագետների խմբի հարցման, ամբողջական և սպառիչ տեղեկատվություն է տրամադրել վերոհիշյալ ընկերությունների և նրանց գործունեության մասին»։
Նշենք, որ Washington Post-ի հրապարակումը մեկնաբանելու խնդրանքով Epress.am-ը ԱԳՆ էր դիմել դեռևս ապրիլի 11-ին: Մամուլի ծառայությունից նշել էին, որ Տիգրան Բալայանը զբաղված է՝ խոստանալով փոխանցել հարցը: Epress.am-ը հարցը Բալայանին ուղարկել էր նաև կարճ հաղորդագրության միջոցով, սակայն ոչ ապրիլի 11-ին, ոչ էլ հաջորդ օրերին պատասխան չէր ստացել: