2013թ. փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների ժամանակ տեղի ունեցած ընդվզման համընդհանուր և ինքնաբուխ բնույթը վկայում են, որ ժողովուրդը կեղեքիչ համակարգից օր առաջ ազատվելու ազդակ է ուղարկում առողջ քաղաքական ներուժի ակտիվին՝ այդ պայքարին լծվելու պատրաստակամության հետ միասին նաև իրեն կազմակերպելու և առաջնորդելու յուրօրինակ պատգամ ու հանձնարարություն տալով նրան: Այս մասին ասված է ապրիլի 13-ին «Նախախորհրդարան» միավորման կողմից տարածած հաղորդագրության մեջ:
«Սակայն մինչ օրս ժողովրդական ընդվզման ալիքը կազմակերպական հունի մեջ չի դրվում, ինչի հետևանքով պայքարը գնում է դեպի փակուղի: Քվեարկության օրվանից մեկուկես ամիս անց դեռևս չի մշակվել ու ներկայացվել շարժման կայացման ու ընթացքի ծրագիր, և չի ձևավորվել այն համակարգող կոլեգիալ մարմին: Դրա փոխարեն ժողովրդին ընդամենը առաջարկվում է ընտրություն կատարել ոգեշունչ հռետորաբանության ու արկածախնդրության միջև:
Ընդսմին, այս ամենը կատարվում է շարժումը կայացնելու և հաղթական ավարտին հասցնելու վերաբերյալ Նախախորհրդարանի ու նրա ներկայացուցիչների՝ պարզ և հստակ կերպով ներկայացրած ծրագրային առաջարկությունների ու հորդորների անտեսմամբ», – նշում են հայտարարության հեղինակները՝ նկատի ունենալով «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի շարժումը:
«Նախախորհրդարան»-ը նշում է, որ դեռևս նախագահական ընտրությունների մեկնարկի փուլում զգուշացրել է, որ ազգի ու երկրի նորգաղութային կեղեքման գործիքի վերածված, ժողովրդի իշխանությունը յուրացրած և նրա ինքնիշխանությունը խափանող առկա պետական կառավարման համակարգի ներսում և նրա կանոններով հնարավոր չէ ընտրությունների միջոցով հասնել արդյունքի:
«Ուստի ժողովրդի իշխանությունն իրացնելու ու նրա ինքնիշխանությունը դրսևորելու միակ ճանապարհը ազգային-ազատագրական շարժման ծավալմամբ պետական կառավարման առկա համակարգից դուրս՝ ժողովրդի սահմանած կանոններով կազմակերպվող այլընտրանքային ընտրությունների միջոցով զուգահեռաբար գործող կառավարման մարմինների ստեղծումն ու լեգիտիմացումն է և հարմար պահին դրանցով գործողներին փոխարինումը:
Միայն այդ կերպ կարելի է կյանքի կոչել իրապես ինքնիշխան, հայության շահերն իրացնելու ունակ, մարդու և քաղաքացու ազատ ու արժանապատիվ կյանքը երաշխավորող նոր որակի պետություն ստեղծելու համազգային նպատակը:
Նախախորհրդարանը վերը նշված հարցերի վերաբերյալ իր ծրագրերն ու անելիքները ներկայացնելու նպատակով մայիսի 9-ին, ժամը 19-ին Ազատության հրապարակում հրավիրում է հանրահավաք», – ասված է հայտարարության մեջ:
Նշենք, որ «Նախախորհրդարան» միավորման մեջ են մտնում մի շարք հասարակական և քաղաքական գործիչներ, ինչպես, օրինակ, ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանը, ՀՀ առաջին օմբուդսմեն, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Լարիսա Ալավերդյանը, ռեժիսոր Տիգրան Խզմալյանը, սիստեմային վերլուծաբան Գարեգին Չուգասզյանը, ազգագրագետ Հրանուշ Խառատյանը: