Րաֆֆի Հովհաննիսյանի վերջին քայլերից բազում քաղաքական ուժերի, օրինակ, «Նախախորհրդարանի» դժգոհությունն առայժմ չի կարող առիթ տալ ենթադրելու, թե «Բարև, Երևան» դաշինքը ընտրություններին հաջողություն չի ունենա: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Էդգար Վարդանյանը:
Նրա խոսքով՝ այն ուժերը, որոնք այսօր քննադատում են Հովհաննիսյանին, միայն նախագահական ընտրություններից հետո էին աջակցություն հայտնել նրան և եկել հրապարակ, այսինքն՝ առանց նրանց օգնության է Հովհաննիսյանը զարմանալի հաջողություն ունեցել ընտրություններին:
«Այո, ընդդիմադիր հանրության ինչ-որ մի հատված հիասթափված է ապրիլի 9-ի իրադարձություններից, սակայն դա, կարելի է ասել, ժամանակավոր բնույթ է կրում, և «Բարև, Երևան» դաշինքի հաջողությունը կախված է այն բանից, թե ինչ հետագա քայլեր կանի Րաֆֆի Հովհաննիսյանը, և ինչ զարգացումներ կստանա նրա շարժումը»,- ասել է Էդգար Վարդանյանը:
Այն, որ ընդդիմադիր ուժերը նպատակ ունեն միավորվելու և ընդդիմադիր քաղաքապետ ընտրելու, դեռևս քիչ է՝ հույս ունենալու համար, որ ավագանու ընտրություններին ընդդիմությունը կհաղթի, կարծում է քաղաքագետը: Ըստ նրա՝ «Հանրապետական» կուսակցությունը ևս շատ լուրջ է տրամադրված քաղաքային ընտրություններին բացարձակ մեծամանություն ունենալուն, ինչը այդպես չէր լինի, եթե ՀՀԿ-ն վստահ լիներ, որ ԲՀԿ-ն իր հետ կոաիլցիա կստեղծի:
«Հաշվի առնելով նախագահական ընտրությունների փորձը՝ Գյումրիում դաժան պարտությունը, ՀՀԿ-ն այս անգամ մոբիլիզացնելու է իր ուժերը, եռակի եռանդ է գործադրելու, որպեսզի ընտրությունները չեզոքացնի և փաստացի իշխանության վերարտադրում ապահովի»,- ասել է Վարդանյանը:
Էդգար Վարդանյանը նկատել է, որ այս ընտրություններին մասնակցում են կարևորություն ունեցող թերևս բոլոր ուժերը, նույնիսկ նրանք, ովքեր ընտրություններին այլևս չէին հավատում: Այս փաստը, ըստ քաղաքագետի, հետաքրքրական է և քննարկման արժանի, քանի որ ընտրությունների կայացմանը խանգարող երկու՝ առավել հաճախ շրջանառվող հանգամանքները չեն փոխվել: Խոսքը, մասնավորապես, այն մասին է, որ բացակայող քաղաքացիների անունները շարունակում են մնալ ցուցակներում, և իշխանությունները չեն ցանկանում հրապարակել քվեարկած անձանց անունները ընտրություններից հետո: