Home / Հայաստան / Ոստիկանությունը փնտրում է ԲՀԿ-ական պատգամավորի որդու վրա հարձակվածներին

Ոստիկանությունը փնտրում է ԲՀԿ-ական պատգամավորի որդու վրա հարձակվածներին

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Արագած Ախոյանի (լուսանկարում) որդու վրա ավազակային հարձակում գործելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 175-րդ հոդվածի հատկանիշներով (ավազակություն):

News.am-ի hարցին, թե արդյոք հայտնաբերվել են ավազակային հարձակում գործողները, ոստիկանությունից պատասխանեցին, որ օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են:

Կայքը հիշեցնում է, որ ապրիլի 14-ի գիշերը՝ 02։30-ի սահմաններում, ավազակային հարձակում է եղել Ազգային ժոդովի ԲՀԿ-ական պատգամավոր Արագած Ախոյանի որդու վրա: Պատգամավորը պատմել է, որ Վիկտոր Համբարձումյան փողոցի 10 շենքում՝  մուտքի մոտ, 4 դիմակավորված անձինք էլեկտրաշոկով հարձակվել են որդու` 19-ամյա Հայկ Ախոյանի վրա, մի քանի անգամ էլեկտրահարել են:

Դիմակավորված անձինք նրա մոտից հափշտակել են բջջային հեռախոսը և տան բանալիները, իսկ դրամապանակը չեն կարողացել տանել, վերջինս հայտնաբերվել է դեպքի վայրում: Հարևանը, լսելով աղմուկի ձայնը, լույսը միացրել է, և դիմակավորված անձինք փախել են:

«Լուրջ դիմադրություն է ցույց տվել, նույնիսկ երբ փախուստի են դիմել, ուզել է հետեւից վազի, բայց չի կարողացել, որովհետեւ շոկի մեջ էր»,- ասել է Արագած Ախոյանը:

Նա շեշտել է, որ սա ավազակային հարձակում էր գողության նպատակով և այստեղ պետք չէ քաղաքական ենթատեքստ փնտրել, ոչ էլ կապել իր գործունեության հետ:

Հայկ Ախոյանը սովորում է Հայաստանի Ճարտարապետագիտական համլսարանի 3-րդ կուրսում: Նա տուն էր վերադառնում հարսանիքից, բայց պատգամավորը  հավաստեց, որ նա թշնամիններ չունի, ոչ էլ հարսանիքի ժամանակ էր միջադեպ գրանցվել: Երիտասարդը հիվանդանոց չի տեղափոխվել, նրա կյանքին և առողջությանը  վտանգ չի սպառնում։

Լուսանկարը՝ Aravot.am