2008 թվականի մարտի 1-ին զոհված ծնունդով վանաձորցի Դավիթ Պետրոսյանն այսօր կդառնար 38 տարեկան: Պետրոսյանը մահացել է տիկունքից արձակած կրակոցից. ինչպես մյուս 9 զոհվածների դեպքերում, Պետրոսյանի սպանությունը մինչ օրս չի բացահայտվել:
2011 թվականի մարտի 1-ին Պետրոսյանի մայրը՝ տիկին Ջեմման, Epress.am-ի հետ զրույցում պատմել էր որդու և իր ապրումների մասին:
«Մենք՝ որդեկորույս մայրերս, դեռ շատ երկար ենք լաց լինելու, ես ոտքի վրա մեռնում եմ: Իմ որդին` Դավիթ Պետրոսյանը, շատ արժանապատիվ մարդ էր: Ծնվել է 1975 թվականի ապրիլի 16-ին: Դեռ չէր ավարտել դպրոցը, տեղի ունեցավ երկրաշարժ. մենք շատ դժվար կյանք ենք ապրել: Բայց նա Աստծո կողմից օժտված մարդ էր. 14 տարեկանում Դավիթը սկսեց զբաղվել արծաթագործությամբ, էդ շնորհքը գեներով գալիս էր` նրա պապն էլ՝ Լևոն Պետրոսյանն էլ, շնորհքով մարդ էր, իսկ ես հիմա սպանված Պետրոսյանի մայրն եմ: 16 տարեկանում Դավիթս սկսեց զբաղվել ոսկերչությամբ: Նա աշխատում էր Երևանում` «Բաղնիք» կոչվող ոսկերչական խանութում: 2005 թվականին նա Վանաձորից տեղափոխվեց Երևան ապրելու:
Ի միջի այլոց, 2008-ի մարտի 1-ին Դավիթը խոսել է իմ հետ, ասեց՝ «մամ ջան, գործս պրծա, գնում եմ տուն»: Էդ ժամանակ ես ապրում էի Երևանում` Աթոյան փողոցում, ամեն օր մասնակցել եմ հանրահավքներին: Որ տղես զանգեց, ես հեռուստացույցով էդ մարդասպան Ռոբերտ Քոչարյանի դեմքն էի տեսնում, ասում էր՝ կան զոհեր, վիրավորներ: Հետո իմ տղան տուն գնալու ճանապարհին, որ տեսնում ա էդքան մարդիկ են հավաքված, ոնց որ բոլոր արժանապատիվ ՀՀ քաղաքացիները, միանում ա նրանց, ու հետո պարզվում ա՝ ինքն իրա հեռախոսով նկարել ա: Գիշերը 2-ից 15 պակաս ինձ ասում են, որ որդիս մահացել ա, ինձ զանգում են իրան հիվանդանոց տանողները: 9մմ-անոց գնդակից, որը կրակել են 2 մետր հեռավորությունից, իմ Դավիթը զրկվում ա կյանքի իրավունքից: Նա սիրում էր կյանքը, սիրում էր երեխաներին, տաղանդավոր մարդ էր: Ես մինչև հիմա իրա արհեստանոցը պահում եմ, ձեռքս չի գնում գործիքներին ձեռք տամ, իրա շունչը նստած ա դրանց վրա, ամեն վայրկյան սպասում եմ, որ հեսա բակից կճվա՝ մամ ջան», – մասնավորապես, ասել էր տիկին Ջեմման: