Home / Հայաստան / Գաղտնիք չէ՝ ասֆալտն ընտրություններից առաջ են անում. պատգամավորն օգնում էր Տարոն Մարգարյանին

Գաղտնիք չէ՝ ասֆալտն ընտրություններից առաջ են անում. պատգամավորն օգնում էր Տարոն Մարգարյանին

Այսօր Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի շրջանակներում գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը և ավագանու անդամները հանդիպել են Նորք Մարաշ համայնքի բնակիչների հետ, նրանց ավելի լավ Երևանի խոստում տվել:

«Մենք միասին պետք է ստեղծենք ավելի լավ Երևան: Այս խոսքերը լոկ խոսքեր չեն: Մենք ունենք ծրագիր, և եթե դուք մեզ ձայն տաք, այն կյանքի կկոչենք: Ես ձեզանից մեկն եմ: Ես միշտ ձեր կողքին եմ եղել», – հանդիպման ժամանակ հնչեցրած իր ելույթում ասել է Տարոն Մարգարյանը` կրկնելով, որ «այս խոսքերը լոկ խոսքեր չեն»:

Հանդիպմանը ներկա էին համայնքի դպրոցների աշակերտները և նրանց ծնողները, մանկավարժները, մանկապարտեզների և հիվանդանոցների աշխատակիցները: Մի քանի բնակիչներ Epress.am-ի հետ զրույցում ասել են, որ երեխաներին դպրոցում խնդրել են հանդիպմանը անպայման գալ՝ ծնողների ուղեկցությամբ:

Երևանի ավագանու անդամ Ռուզաննա Սիրունյանը ներկաներին ասել է, որ Մարգարյանը շատ բարեփոխումներ է իրականացրել Երևանում: Նա խորհուրդ է տվել հիշել 90-ականները, երբ երևանցիները ծառերը կտրում էին, վառում էին փայտանյութը վառարաններում, երբ մանկապարտեզներում լույս չկար, մարդիկ մոմ էին վառում:

Սիրունյանի խոսքով՝ հատկապես վերջին 4 տարիների ընթացքում Երևանում մանկապարտեզները վերանորոգվում են, իսկ այգիներում պարբերաբար ծառատունկ է իրականացվում:

Հանդիպմանը ներկա ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գարեգին Նուշիկյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ Տարոն Մարգարյանը շատ մեծ ուշադրություն է դարձնում հենց Նորքի խնդիրների լուծմանը:

Քանի որ հանդիպումը անցնում էր օրերս կառուցված ֆուտբոլի դաշտում, որի շուրջ  ասֆալտապատ տարածքը դեռ թաց էր, լրագրողները հարցրել են Նուշիկյանին՝ արդյոք զուգադիպություն չէ՞, որ կառուցապատումներն իրականացվում են նախընտրական շրջանում:

«Կարծում եմ՝ գաղտնիք չէ, որ շինարարական աշխատանքները, ասֆալտապատումը կատարվում են նախընտրական շրջանում: Նաև մի մոռացեք, որ դաշտերը չեն կարող ստեղծվել ձմռանը: Ընտրությունները հիմնականում գարնանն են անցկացվում, կանաչապատման ու ասֆալտապատման աշխատանքները ևս», – ասել է Գարեգին Նուշիկյանը:

Լրագրողներից մեկը կարծիք է հայտնել, թե Տարոն Մարգարյանի օրոք զարգացրել են միայն փոքր կենտրոնը, իսկ ծայրամասերը համեմատաբար դուրս են մնացել ուշադրությունից:

Նուշիկյանը ասել է, որ դրա մեջ զարմանալու բան չկա, և բոլոր երկներում էլ  մայրաքաղաքի կենտրոնն է ամենազարգացած ու գեղեցիկ մասը: