հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Գարեգին Բ-ի ընտրության ժամանակ կաշառք է բաժանվել, պնդում է ամերիկահայ լրագրողը

Գարեգին Բ-ի ընտրության ժամանակ կաշառք է բաժանվել, պնդում է ամերիկահայ լրագրողը

ԱՄՆ-ում բնակվող հայազգի լրագրող, իրավապաշտպան Արա Մանուկյանը հայտարարել է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն 1999 թվականին ընտրվել է ընտրակեղծիքների օգնությամբ:

Մանուկյանը thetruthmustbetold.com կայքում հոդված է հրապարակել՝ անդրադառնալով ապրիլի 9-ին Գարեգին Բ-ի կողմից Սերժ Սարգսյանին հայրապետական օրհնանք հղելու փաստին և ներկայացնելով 1999 թվականին Կաթողիկոսի ընտրվելու իր վարկածը:

Մանուկյանը նշում է, որ բազմաթիվ հայ առաքելականներ մեծ հիասթափություն ապրեցին 2013 թ. ապրիլի 9-ին՝ տեսնելով, թե ինչպես է Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր ձեռքը դնում Սերժ Սարգսյանի գլխին ՀՀ նախագահի երդմնակալության արարողության ընթացքում:

Լրագրողը կարծիք է հայտնում, որ Գարեգին Բ-ի գործողությունները շատերի կողմից մեկնաբանվել են իբրև Սերժ Սարգսյանի օգտին կատարված լայնատարած և հանգամանորեն արձանագրված ընտրակեղծիքների օրհնում:

«Սակայն թերևս քչերը գիտեն, թե ինչը կարող էր Գարեգին Բ կաթողիկոսին ավելի հանդուրժող դարձրած լինել լեգիտիմության բացակայության և կեղծիքի նկատմամբ:

Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում 1999 թ. հոկտեմբերի 27-ին գաղտնի քվեարկության արդյունքում Տ. Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանն ընտրվել է Ծայրագույն Պատրիարք և Կաթողիկոս Ամենայն Հայոց: Օծվել է 1999 թ. նոյեմբերի 4-ին:

Կաթողիկոսական այդ ընտրությունից մի քանի օր անց ես այցելեցի քեռուս՝ Երուսաղեմի Հայոց Պատրիարք Թորգոմ Բ արքեպիսկոպոս Մանուկյանին, ով մնում էր Էջմիածնի հյուրանոցներից մեկում: Պատրիարք Հայրը նոր էր վերադարձել նորընտիր կաթողիկոսի հետ հանդիպումից: Նա նկատելիորեն այլայլված էր և, վրդովմունքից դրդված, հետս կիսվեց հանդիպման որոշ մանրամասներով:

Այս երկու բարձրաստիճան հոգևոր առաջնորդների հանդիպման նպատակը հայ առաքելական եկեղեցու կրոնական ղեկավարի ընտրության ընթացքում նկատված ընտրակեղծիքի քննարկումն էր: Ի պատասխան Պատրիարք Թորգոմ Բ-ի մտահոգություններին` նորընտիր կաթողիկոսն ասել էր, թե արդեն չափազանց ուշ է այդ հարցով զբաղվելու համար: Նա խորհուրդ էր տվել Պատրիարք Մանուկյանին մոռանալ ընտրակեղծիքի մասին, քանի որ ընտրությունն արդեն ավարտված էր:

Այդ երեկո ես տեղեկացա, որ վարչապետ Վազգեն Սարգսյանը կաշառքներ էր բաժանել, որպեսզի Ամենայն հայոց կաթողիկոս ընտրվի Գարեգին Ներսիսյանը: Ավելի ուշ որոշ աղբյուրներից, որոնք այժմ չեմ կարող բացահայտել, պարզել եմ, որ ներկա կաթողիկոսի ընտրության համար օգտագործված գումարը՝ մոտ 3 միլիոն դոլար, յուրացվել էր Երևանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ տաճարի կառուցման նպատակով Ալեք Մանուկյանի, իր կին Մարիի, իրենց որդի Ռիչարդի և իրենց դուստր Լուիզ Մանուկյան-Սիմոնի հատկացրած բազմամիլիոն դոլարի նվիրատվությունից:

Սակայն կաթողիկոսի ընտրության օրը՝ 1999 թ. հոկտեմբերի 27-ը, համընկավ ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում Նաիրի Հունանյանի գլխավորությամբ մի խումբ զինյալների կողմից վարչապետ Վազգեն Սարգսյանի ու ևս յոթ ՀՀ կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների ու պատգամավորների գնդակահարման հետ:

Այս փաստերը օգնում են հասկանալ այն պատճառները, թե ինչու է Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդուրժել բացահայտ ընտրակեղծիքն ու օրհնել Սերժ Սարգսյանին՝ ապօրինաբար վերընտրված ՀՀ նախագահին, պաշտոնավարման երկրորդ հնգամյա շրջանը սկսելու կապակցությամբ», – գրում է Արա Մանուկյանը:

Լուսանկարը՝ president.am