Home / Հայաստան / Աշոտյանը չի տեսել մեկին, ով անտարբեր է Տիգրան Սարգսյանի նկատմամբ

Աշոտյանը չի տեսել մեկին, ով անտարբեր է Տիգրան Սարգսյանի նկատմամբ

ՀՀ քաղաքական դաշտում շատ քիչ անհատականություններ կան, ինչպիսին Տիգրան Սարգսյանն է, և շատ քիչ անհատականություններ կան, որոնք գիտելիքի, հմտությունների, արժեհամակարգի և մարդկային բնավորության նման միաձուլում կարող են ունենալ իրենց մեջ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը:

«Չկա մի երկիր, որտեղ կառավարությունները կարողանան լուծել հասարակության առջև կանգնած բոլոր խնդիրները միանգամից, չկա մի երկիր, որտեղ կառավարություններին չքննադատեն, և չկա մի երկիր, որտեղ վարչապետի ֆիգուրը՝ անկախ անձից,  չդառնա քաղաքական քննադատության, երբեմն կոռեկտության սահմաններն անցնող քննադատության թիրախ», – նշել է Աշոտյանը:

Նա նաև ընդգծել է, որ Սարգսյանն իր դրական ազդեցությունն է ունեցել քաղաքական դաշտի վրա:

«Մեր վարչապետին կամ սիրում են, կամ չեն սիրում, կամ ընդունում են, կամ չեն ընդունում, բայց ես չեմ տեսել մարդ, որը վարչապետի նկատմամբ անտարբեր լինի: Հետևաբար, որպես քաղաքական դերակատար, ֆիգուր, վարչապետը, իհարկե, այսօր իր ուսերի վրա է վերցնում մեր թիմի՝  ՀՀԿ-ի և իր գործընկեր ՕԵԿ-ի ամբողջ ակնկալիքները, խոստումները, ամենը, բնականաբար, իրականացվելու է երկրի ղեկավարի անմիջական հսկողությամբ ու նաև պատասխանատվությամբ: Թիմը ոչ միայն առաջադրում է վարչապետ, այլև թիմը պարտավոր է աշխատել վարչապետի ու կառավարության հետ միասին», – ասել է Աշոտյանը:

Նրա խոսքով՝ այն թիմը, որը ձևավորվում է ընտրությունների արդյունքում, կրում է քաղաքական ողջ թիմի ողջ հատվածների բեռը:

«Պետք է հասկանալ, որ օբեկտիվ քննադատության տեղ իրականում կա, որևէ մեկին մատնացույց չանելու համար սկսենք կրթության ոլորտից. կան օբյեկտիվ դժվարություններ, ակնկալիքները մեծ են, աշխատանքները՝ հսկայածավալ: Ես չեմ կարծում, որ Հայաստանի պես երկրների համար վարչապետի պաշտոն գրավելը նախանձելի գործ է: Իրականում՝ հատկապես այսօր, երբ մեր հասարակական, քաղաքական դաշտում մենք ականատես ենք լինում շատ բուռն իրադարձությունների, շատ բաց լրատվական քաղաքականության, պետք խոստովանել, որ Տիգրան Սարգսյանը իր պաշտոնավարմնան նախորդ 5 տարիների ընթացքում իրականում իր ուրույն լուման է ունեցել Հայաստանում նոր քաղաքական մշակույթի զարգացման համար», – ասել է Աշոտյանը: