ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվում է մի մարդ, որի օրոք ՀՀ տնտեսությունը 5 տարում 2 անգամ աճելու փոխարեն գրեթե նույնն է մնացել։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ անդրադառնալով երեկ ՀՀԿ գործադիր մարմնի նիստում Սերժ Սարգսյանի առաջարկին՝ վարչապետի պաշտոնում թողնել Տիգրան Սարգսյանին: Հիշեցնենք, որ վարչապետի թեկնածությունը պետք է հաստատի ԱԺ-ն, որտեղ ՀՀԿ-ն մեծամասնություն է կազմում:
Բագրատյանը մեջբերում է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովի խոսքերն այն մասին, որ Հայաստանում Տիգրան Սարգսյանի օրոք 7,2% տնտեսական աճ է ապահովվել, և նշում, որ այդ թվերը բլեֆ են:
«Պատրաստ եմ հանդիպել Տիգրան Սարգսյանի հետ և ապացուցել։ Ստացվում է, ոչ մի փոփոխություն էլ չի լինելու։ Իսկ այդ աճերը ահա այսպես նկարվելու են։ 2008 թվականին գոնե մի քանի հոգու փոխեցին։ Չեմ հասկանում, մարդ չու՞նեն։ Թե իսկապես ընդդիմությանը տաշեղի տեղ էլ չեն դնում։ Բա Հայաստա՞նը», – գրել է Հրանտ Բագրատյանը։
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Հրանտ Բագրատյանը վերլուծել էր տնտեսական աճի ցուցանիշները՝ կարծիքով հայտնելով, որ Ազգային վիճակագրական ծառայության և ՀՀ ֆինանսների նախարարության տվյալները չեն համընկնում: