ԱՄՆ Պետդեպի 2012 թվականի մարդու իրավունքների զեկույցի՝ Հայաստանին վերաբերող «Քաղբանտարկյալներ և քաղաքական պատճառներով կալանավորվածներ» հատվածում երկու դեպք է հիշատակվում:
Անդրադառնալով ՀԱԿ ակտիվիստների գործին՝ զեկույցի հեղինակները մեջբերում են հայաստանցի իրավապաշտպանների տեսակետը, որ Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Դավիթ Քիրամիջյանի և Սարգիս Գևորգյանի վճիռները չափազանց խիստ են և քաղաքական դրդապատճառներ ունեն:
Նույն բաժնում զեկույցն անդրադառնում է նաև Յեհովայի վկա Անդրանիկ Մակվեցյանի դեպքին, ով 6 ամսվա ազատազրկման էր դատապարտվել հոգևորականին վիրավորելու, սպառնալու և եկեղեցու տարածքում քահանայի օրինական գործունեությունը ոտնահարելու համար:
Մակվեցյանը, ով, իրավապաշտպան պրակտիկայի համաձայն, խղճի գերի է համարվում, չի համաձայնել իրեն առաջադրված մեղադրանքի հետ: Նշենք, որ իրավապաշտպանները խղճի գերիներին դիտարկում են «քաղաքական բանտարկյալ» գաղափարի հովհանոցի ներքո: